ՀՀ կառավարության որոշմամբ 137 մլն դրամ է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Այս տարի՝ օգոստոսի 10-ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։ Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»: Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը: |