ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դոնեցկի մարզում սուպերմարկետի վրա ռուսական ավիահարվածի զոհերի թիվը շարունակում է աճել
23:30, 09.08.2024 | mamul.am
7124 | 0

Ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքում սուպերմարկետի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 43-ը` վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա խոսքով՝ զոհերի թվում կան երեխաներ: Զոհերի անձը պարզելու համար փորձաքննություն կիրականացվի։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանը հարձակման համար օգտագործել է լազերային կառավարմամբ X-38 ավիացիոն հրթիռ։ Արկի մարտագլխիկը կշռում է 250 կգ, թռիչքի հեռահարությունը՝ 40 կմ։ Մահացածներից 8-ի ինքնությունը դեռ պարզված չէ, մեկ տուժածի վիճակը ծանր է։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Գորբատենկոն, ով այցելել է հրթիռակոծման վայր, հաստատել է, որ մարմինների նույնականացումը հնարավոր է միայն ԴՆԹ թեստի միջոցով։ «Ես տեսա մնացորդները. դրանք պարզապես մարդկանց ածխացած ուրվապատկերներ էին: Հրդեհն ու պայթյունն այ այդքան ուժեղ են եղել»,- նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը հատուկ կետ է ստեղծել, որտեղ կարելի է ԴՆԹ հանձնել՝ հարազատներին գտնելու համար։

Սուպերմարկետի մենեջեր Վիկտորիա Կիպոտը հայտնել է, որ հրթիռակոծման պահին շենքում աշխատել է 17 աշխատակից։ Հայտնի չէ, թե քանի գնորդ է եղել։ Ֆիլաշկինն ասել է, որ, ընդհանուր առմամբ, այնտեղ կարող էր լինել մոտ 50 մարդ։

Այս հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Ռուսաստանը միշտ գիտի, թե որտեղ է խոցում իր հրթիռները, և դա գիտակցված և նպատակաուղղված ռուսական ահաբեկչություն է։ Հերթական ռազմական հանցագործությունը, որի համար զավթիչը պատասխանատվության կենթարկվի: Նա պատասխան կտա դատարանի և պատմության և արդեն մեր զինվորների առջև»,- ընդգծել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Կոնստանտինովկայում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նրա խոսքով, ոչ միայն պայթեցվել է սուպերմարկետը, այլև վնասվել են տասնյակ շենքեր, մասնավորապես՝ փոստային բաժանմունք, խանութներ, բնակելի շենքեր։

Դոնեցկի մարզում սուպերմարկետի վրա ռուսական ավիահարվածի զոհերի թիվը շարունակում է աճել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր