Եվրոպական միության արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում իսրայելական հարվածի ենթարկված դպրոցի կադրերից՝ հավելելով, որ նման ջարդերն արդարացում չունեն: Ալ-Թաբին դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հայտնում է Al Jazeera-ն: «Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որը խոցվել է իսրայելական հարձակման հետևանքով, որի հետևանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Վերջին շաբաթների ընթացքում թիրախ է դարձել առնվազն 10 դպրոց։ Այս ջարդերը արդարացում չունեն»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցի իր էջում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից շուրջ 40 հազար մարդ է զոհվել։ |