ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Մշակութային ապտակ»․ «Արցախի զարկերակը» հաղթել է Բաթումիի մրցույթ-փառատոնում
23:12, 10.08.2024 | mamul.am
3194 | 0

Արցախից տեղահանվելուց հետո երգչուհի Լուսինե Մարտիրոսյանն իր շուրջն է հավաքում արցախցի տաղանդավոր երաժիշտների, Երևանում ստեղծում «Արցախի զարկերակ» վոկալ-գործիքային ստուդիան։ Նպատակը մեկն էր՝ պահպանել արցախյան երգերն ու հնարավորինս դրանք հանրայնացնել։ Վերջերս խումբը մասնակցել է Բաթումիում անցկացվող միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, ուր ներկայացրել է «Ղարաբաղ» երգը, որով էլ մշակութային ապտակ է հասցրել իրենց ելույթն ամեն կերպ խանգարողներին, գրում է «Արմրադիո»-ն։

«Խումբը ձևավորումից մինչ այսօր բախվում է բավականին մեծ դժվարությունների։ Չենք կարողացել գործիքները դուրս բերել Արցախից, հիմա տարբեր տեղերից վարձակալում ենք ու բավականին մեծ դժվարությամբ փորձեր անում»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը։

Եվ ահա, ստուդիան որոշում է մասնակցել Բաթումիի միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին։ Փառատոնը միաժամանակ տեղի էր ունենում տարբեր համերգասրահներում, բազմաթիվ երկրների համույթների մասնակցությամբ։ «Արցախի զարկերակ» խումբը պետք է ելույթ ունենար Օպերայի համերգասրահում, բայց որոշակի հանգամանքներից ելնելով, վերջին պահին նրանց տեղափոխում են այլ համերգասրահ ու հենց այստեղից էլ խնդիրներ են ի հայտ գալիս։

Խումբը չի հասցնում անգամ լարել գործիքները, ձայնը չեն հասցնում կարգավորել և այդ պահին հնչում է նրանց անունը։

«Վրացիները ռուսերենով հայտարարեցին, որ «բեմահարթակում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, դիմավորեք «Արցախի զարկերակը» վոկալ-գործիքային անսամբլին» ու անունը հենց սկզբից դուր չեկավ որոշներին։ Մենք արդեն մի տեսակ կոփված էինք, ու ես խմբին նախապես պատրաստել էի, որ հնարավոր է՝ ելույթի խափանում լինի, քանի որ ես այնպիսի ստեղծագործություններ էի ընտրել ու գրեթե 99 տոկոսով վստահ էի, որ կլինեն ինչ որ բաներ:

Խումբը շատ արագ, կարելի է ասել անպատրաստ բարձրանում է բեմ։

Պարզվեց՝ դուդուկահարի կոշիկները չկան, ստիպված նա բեմ բարձրացավ ոտաբոբիկ, հետո տեսանք որ չկան մեր դհոլահարի կոշիկները, բայց մեր կազմակերպության աշխատակից Հայկ Առուստամյանն իր կոշիկները վերջին պահին հանեց ու տարավ բեմ՝ տալով դհոլահարին:

«Արցախի զարկերակը» վոկալ-գործիքային անսամբլը երկու համար էր պատրաստել, առաջին համարում սինթեզել էին մի քանի երգեր։

Արցախյան հորովելը, մեջտեղում Սայաթ-Նովա՝ մեսիջ վրացիներին, որ Սայաթ-Նովան հայալեզու է գրել, որից հետո արցախյան ժողովրդական երգեր, որ արցախյան համ ու հոտի մասին էր»,- պատմում է երգչուհին։

Այս ստեղծագործությունը շատ լավ ու բուռն ծափողջյուններով է ընդունվում ժյուրի անդամների կողմից, քանի որ երգը հնչում էր հայերեն, ժյուրին չի հասկանում երգի բառերը։ Արդեն երկրորդ բաժնում ներկայացվում է «Ղարաբաղ» երգը։

«Մշակութային ապտակ»․ «Արցախի զարկերակը» հաղթել է Բաթումիի մրցույթ-փառատոնում
Եվ երգի վերջին քառյակը ներկայացվում է ռուսերեն՝ որպեսզի ժյուրիի համար հասկանալի լիներ, թե ինչի մասին են երգում արցախցիները։

«Մենք երգում էինք մեր հայրենիքի, մեր ծննդավայրի մասին։ Ու երբ հնչեց ռուսերենով, որ Արցախը բոլոր հայերի տունն է, այդ պահից հնչյունային ռեժիսորը միկրոֆոններն անջատեց։

Անսամբլը, սակայն, շարունակում է երգել մինչև վերջ, առանց միկրոֆոնների։

«Մշակութային ապտակ»․ «Արցախի զարկերակը» հաղթել է Բաթումիի մրցույթ-փառատոնում
Երգը դուր չի գալիս ժյուրիի վրացի, ուկրաինացի, ադրբեջանցի անդամներին։ Լուսինեն իր վրդովմունքն է հայտնում, սակայն ժյուրիի անդամներն իրենց քայլը այդ մեկնաբանում են՝ հիշեցնելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։

Ասացին՝ դուք իրավունք չունեք երգել մի բանի մասին, որը ձերը չէ, հիշեցրեցին, որ ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Ղարաբաղ» երգը քաղաքական դրդապատճառներով հանվում է մրցութային ծրագրից, իսկ մյուս երգերի և շարանների համար խումբն արժանանում է «Գրան պրի» մրցանակի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր