ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում կատաղի մարտեր են տեղի ունենում: Մոսկվան այս մարզերում հայտարարել է ռազմական դրություն, և հակաահաբեկչական գործողություններ են ընթանում, որի արդյունքում շուրջ 80 հազար մարդ է տարհանվել: Նրանց փորձում են տեղավորել ժամանակավոր կացարաններում և վրանային ավաններում:
Եթե Հայաստանը Ռուսաստանում դեսպանատուն և դեսպան ունենար, մարտական գործողությունների մեկնարկից ի վեր օպերատիվ շտաբ կստեղծեր, կհավաքագրեր իրավիճակի մասին համապարփակ տեղեկություններ, կապ կհաստատեր տեղի հայ համայնքների պատասխանատուների հետ, կփորձեր եկեղեցու և մեկենասների հետ միասին կազմակերպել նվազագույն օգնություն մեր հայրենակիցներին (որոնցից շատերը ՀՀ քաղաքացի են, մի մասն էլ՝ երկքաղաքացի), ովքեր հայտնվել են անօգնական վիճակում: Դեսպանատունը նաև օնլայն ռեժիմում պատշաճ տեղեկություններ կփոխանցեր ՀՀ ԱԳՆ-ին:
Այսպես են աշխատում ժամանակակից պետությունները, այսպես է տարբերվում պետություն ունեցող և չունեցող ժողովուրդների պահվածքը»։