ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Օլիմպիադան տերությունների պայքարի մի մաս է». Հակոբ Բադալյան
02:06, 13.08.2024 | mamul.am
1572 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Օլիմպիական խաղերում բացի, իհարկե, մեր մարզիկներին հետևելուց, անշուշտ, հետաքրքիր է հետևել մեդալային հաշվարկին ընդհանրապես: Օլիմպիադան տերությունների պայքարի մի մաս է, այս դեպքում սպորտային համակարգերի արդյունավետության տեսքով, որոնք անշուշտ պետական արդյունավետության ցուցիչ են:
Այդ առումով, Փարիզի օլիմպիադան թերևս «լավագույնս» ցույց տվեց Չինաստանի առնչությամբ ԱՄՆ մտահոգության «հիմքերը»:
Գործնականում առաջին անգամ Չինաստանը ոսկե մեդալների հաշվարկում ցույց է տալիս ԱՄՆ հետ հավասար արդյունք: Ինչո՞ւ եմ օգտագործում «գործնականում առաջին անգամ» ձևակերպումը:
Որովհետև մի անգամ Չինաստանը նույնիսկ գերազանցել է ԱՄՆ-ին, բայց դա եղել է Պեկինի 2008 թվականի օլիմպիադան: Իսկ տնային օլիմպիադաներում իրենց «սովորական» հնարավորություններից զգալի ավելին անում են գործնականում բոլոր տանտեր հավաքականները, կախված, իհարկե, իրենց ներուժից: Չինաստանը 2008 թվականին գերազանցել է ԱՄՆ-ին, բայց այսպես ասած «դրսի» օլիմպիադաներում միշտ եղել է հետ: Հիմա ոսկե մեդալներով Չինաստանը հավասարվում է: Ընդ որում, ամերիկացիները հավասարվեցին, այսպես ասած, վերջին պահին՝ հաղթելով կանանց բասկետբոլի եզրափակիչը, որը վերջին մրցումն էր օլիմպիադայում:
Ինչ խոսք, ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատար մարզական տերություն, բոլոր տեսակների մեդալների ընդհանուր հաշվարկով մոտ երեք տասնյակով գերազանցելով Չինաստանին:
Բայց, կրկնեմ, Չինաստանի առաջընթացը զգալի ու նկատելի է, երբ դիտարկում ենք օլիմպիադաների դինամիկան:
Իսկ սպորտը, ինչպես նշեցի, համակարգ է, նաև համակարգերի, ընդհուպ գուցե հասարակարգերի ու մշակույթների մրցակցություն, պայքար:
Դա, օրինակ, բավականին նկատելի է հենց Ռուսաստանի օրինակով, թե ինչպես Ռուսաստանն այդ առումով ԱՄՆ մեդալային գլխավոր մրցակցի դերը աստիճանաբար զիջեց Չինաստանին: Եվ դա տեղի է ունեցել դեռևս 2004 թվականից սկսած: Այդ օլիմպիադայից ի վեր Չինաստանն է ԱՄՆ-ի մեդալային գլխավոր մրցակիցը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր