Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը մեկնարկեց 1991թ:
ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992թ օգոստոսին: Դա նշանակում է, որ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պահին արծվաշենցիներից շատերն արդեն սեփականաշնորհել էին իրենց պատկանող հողատարածքները և այլ անշարժ գույքը: Վերջիններիս սեփականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է պահպանված լինի ՀՀ Ազգային արխիվում, հետևաբար, այն հիմք է հանդիսանալու նոտարներում և Կադաստրի կոմիտեում` Արծվաշենի հողատարածքների և այլ անշարժ գույքի հնարավոր առուվաճառքի համար: Այլ կերպ ասած` եթե ՀՀ քաղաքացին (օրինակ` ես) ցանկանա Արծվաշենում անշարժ գույք գնել, ապա այն պետք է գնի անխոչընդոտ: Ըստ այդմ, ի՞նչն է խանգարում սկզբունքային քաղաքացիներին Արծվաշենում հողատարածքներ գնել և, իրավական առումով, տեր կանգնել իրենց սեփականությանը: Ավելին, կարելի է, չէ՞, գտնել Հայաստանին օգնել ցանկացող օտարերկրացիների, որոնք կհամաձայնեն Արծվաշենում հողատարածքներ գնել և տեր կանգնել իրենց սեփականությանը: Հայաստանի համար սա անգնահատելի օգնություն կլինի:
Օրինակ` ես պատրաստվում եմ Արծվաշենում օրինական ընթացակարգով հողատարածք գնել և տեր կանգնել իմ սեփականությանը:
Վերջերս կարծիք էի հայտնել, որ Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:
Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:
Առաջարկածս օրինակը հենց դրա մասին է»: