ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Պրոֆեսիոնալ հեղափոխակա՞ն, թե՞ զինյալ ահաբեկիչ». Արմեն Հովասափյան
03:18, 15.08.2024 | mamul.am
3046 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Պրոֆեսիոնալ հեղափոխական»՝ ամենից շատ այս խոսքերով են նրան բնութագրում պաշտոնական աղբյուրներում: «Զինյալ ահաբեկիչ, կողոպտիչ, արկածախնդիր»՝ այսպես էին անվանում նրան այն մարդիկ, ովքեր բոլշևիկյան հեղափոխության ժամանակ կորցնելու բան ունեին: Սիմոն Տեր-Պետրոսյան անունը նա ստացավ ծնվելիս, իսկ պատմության մեջ մտավ կարճ մականունով՝ Կամո:
1907-ի հունիսի 13-ի առավոտյան Ռուսական կայսրության Պետական բանկի թիֆլիսյան մասնաճյուղի հաշվետարն ու գանձապահը կառքով տանում էին մայրաքաղաքից ուղարկված մեծ գումար՝ քառորդ մլն ռուբլի: Նրանց հետևում էր մեկ այլ կառք՝ երկու զինված հրաձիգներով: Երկու կառքերն էլ գտնվում էին կազակների շարասյան պաշտպանության տակ: Հանկարծ իշխան Սմբատովի տան կտուրից կառքերի վրա է նետվում սարսափելի ուժգնության մի ռումբ, որի պայթյունից 1 կմ շառավիղով գտնվող տների ապակիները ջարդ ու փշուր են լինում: Գրեթե միաժամանակ շարասյան վրա մայթերից նետվում են ևս մի քանի ռումբ: Հրապարակում անմիջապես խուճապ է սկսվում: Քննիչներին ոչ ոք չէր կարողանում նորմալ բացատրել, թե փողն ուր անհետացավ: Միայն վկաներից մեկին էր հաջողվել տեսնել, թե ինչպես էր վարգաձի հեծած սպայական համազգեստով մեկը հրապարակով անցել, նետվել դեպի պայթեցված ու ծխացող կառքը, ինչ-որ բան ճանկել այնտեղից ու ռևոլվերից աջ ու ձախ կրակ տեղալով՝ անհետացել: Բայց մինչև այդ հրապարակից հեռանալիս, հասցրել էր նույնիսկ իրեն ընդառաջ եկող ոստիկանապետին ողջունել: Սպայական համազգեստով ծպտյալը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ավելի հայտնի` որպես Կամո:
Նույն թվականի նոյեմբերին Կամոն էլ մատնությամբ ձերբակալվում է Բեռլինում: Հետագա դեպքերը դասական օրինակ դարձան խորհրդային գաղափարախոսական քարոզչության զինանոցում, իսկ ավելի ուշ գրվեցին բժշկահոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքում: Նա դատապարտվեց հոգեկան հիվանդ ախտանիշով: 1909-ին հանձնեցին Ռուսաստանին, որից հետո ուղարկեցին Թիֆլիսի Մետեխի բանտը: Այնտեղ անցկացրեց ևս երկու տարի՝ շարունակելով հոգեկան հիվանդ ձևանալ: 1911-ի օգոստոսի 15-ին Կամոն, սղոցելով կապանքներն ու ճաղերը, կարողացավ փախչել բանտի հիվանդանոցից: 1913-ի հունվարին նրան նորից ձերբակալեցին փոստային կառքի վրա հարձակվելու հերթական փորձի համար: Բժշկական զննումը ցույց տվեց, որ հոգեկանը լրիվ առողջ է:
Կամոն մահացավ 1922-ին Թիֆլիսում՝ հեծանիվով տուն վերադառնալիս ընկելով քաղաքի միակ բեռնատարի տակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
11:30, 04.10.2024
608 | 0
դեպի վեր