«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում ապաստանած արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են տիրում: Մասնավորապես, «Միասնական հայրենիք» Արցախի խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների հետ կապված: Նա հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ձևավորել արցախցիների դաշինք և միասնական ճակատով մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնեն իրենց խնդիրները՝ թե սոցիալական, թե Արցախ վերադարձի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ վերջերս մի քանի նման հանդիպում է եղել: ԱՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն համաձայնել Բաբայանի հետ նաև այն հարցում, թե արցախցիների ու Արցախի խնդրով զբաղվողներ չկան, վկայակոչել են խորհրդանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որոնց հետ հատկապես վերջին շրջանում աշխատանքային համագործակցության նոր ֆորմատով քննարկում ու պետական կառավարման մարմիններին են հասցեագրում իրենց խնդիրները։ Սամվել Բաբայանը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ ձևավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել: Իհարկե, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի` համագործակցություն ասելով, բայց ներկաները հասկացել են, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Այս առաջարկն էլ չի ընդունվել, նրան հիշեցրել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, նոր մարմնի ձևավորումը կնշանակի դրանց լուծարում, իսկ դա հենց իշխանությունների ուզածն է։ Ի դեպ, հանդիպման ողջ ընթացքում Բաբայանը վստահեցրել է, որ տևական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել»: Մանրամասները՝ թերթի համարում: |