Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Երբ խոսում է անցյալը
Աստղային քարտեզ Սևսարից, Ք.ա. 3-2-րդ հազարամյակ
Բարձրությունը` 3063 մ, Վարդենիսի լեռնաշղթա
Սևքար (Սևսար) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի լեռնավահանի հարավ-արևելյան հատվածում: Անունը ստացել է լանջերին առկա հրաբխային սև քարերի համար
Լեռան հյուսիսային լանջին` 2700մ բարձրության վրա, պահպանվել է հնագույն ժամանակների մարդու տիեզերագիտական իմացությունները պատկերող «աստղադիտարանը»: Այն ներկայացնում է կենդանակերպի համաստեղությունները: Ժայռապատկերները դրոշմված են 2 մեծ, կողք-կողքի դրված սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արևի ժամացույցն է, որի շուրջ զետեղված են կենդանակերպի համաստեղությունների և երկնային այլ մարմինների սիմվոլիկ պատկերները: Այստեղ կան նաև մարդ-հսկաների պատկերներ: Ուշագրավ է արեգակնային ժամացույցի օրը 12 մասերի բաժանված լինելը, որը խորհրդանշում է գիշերվա և ցերեկվա 12 ժամերը»: