ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից, Ասիայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։ Գերատեսչությունը նշել է, որ սահմանափակող միջոցները վերաբերում են նրանց, ում ապրանքներն ու ծառայությունները թույլ են տալիս Ռուսաստանին աջակցել ռազմական ջանքերին և շրջանցել պատժամիջոցները։ «Ամբողջ աշխարհի բիզնեսները, ֆինանսական հաստատությունները և կառավարությունները պետք է ապահովեն, որ նրանք չաջակցեն ռուսական պաշտպանական մատակարարման շղթաներին»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն: «Current Time»-ը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսլովի որդին ու հարսը` Պավել Բելոուսովը և նրա կինը՝ Եվգենիան, ենթարկվել են պատժամիջոցների։ ԱՄՆ-ն Անդրեյ Բելոուսովին ներառել է պատժամիջոցների ցուցակում դեռ 2022 թվականի դեկտեմբերին։ Իրավաբանական անձանց թվում են Evraz-ի, Liquefied Natural Gas Yakutia ՍՊԸ-ի, Magnitogorsk Iron and Steel Works-ի, Norilsk Nickel գործարանների, ռուսական բեռնափոխադրող Air Bridge Carg-ի, Մոսկվայի ոսկերչական գործարանի, յոթ LNG փոխադրողների և հարակից ընկերությունների մասնաճյուղերը: Բացի ռուսականներից, պատժամիջոցների ցանկում ներառված են, մասնավորապես, Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիներն ու ընկերությունները։ «Գանձապետարանը տեղյակ է Ռուսաստանի ջանքերի մասին՝ հեշտացնելու պատժամիջոցների շրջանցումը` բացելով ռուսական ֆինանսական հաստատությունների նոր օտարերկրյա մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ: Օտարերկրյա կարգավորիչները և ֆինանսական հաստատությունները պետք է զգուշանան Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների օտարերկրյա մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքից` ներառյալ ռուսական ֆինանսական հաստատությունների նոր մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ բացելու փորձերից»,- ասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարության մեջ: |
Բաժանորդագրվել լրահոսին