Վաշինգթոնը մտադիր է հետապնդել այն երկրներին, որոնք թույլ են տալիս ռուսական բանկերին` մասնաճյուղեր բացել իրենց տարածքում՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, նույնիսկ եթե ֆինանսական հաստատությունն ինքնին չի ենթարկվում դրանց, ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։ «Մենք կգնանք ոչ միայն նրանց բացած մասնաճյուղի հետևից, այլ նաև ձեր իրավասության այլ սուբյեկտների և ընկերությունների, որոնք աշխատում են նրանց հետ: Երկրները պետք է դադարեցնեն ռուսական մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների բացումը, քանի որ դրանք կօգտագործվեն մեր կոալիցիայի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար»,- Ադեյեմոյի խոսքերն է մեջբերում Financial Times-ը: Միջոցառումները վերջինն են կանոնների փոփոխությունների շարքից, որոնք ուղղված են Ռուսաստանի համար ռազմական ոլորտին առնչվող ապրանքների ներմուծումը դժվարացնելուն, ասել է նա: Ադեյեմոն նշել է, որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը սևեռել է նոր երկրներում փոքր բանկերի վրա այն բանից հետո, երբ Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ֆինանսական հաստատությունների վրա ճնշումն ստիպեց նրանց` դադարեցնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ: Նրա կարծիքով, «արևմտյան գերակայությունը» համաշխարհային ֆինանսներում նշանակում է, որ խոշոր բանկերի մեծ մասը ենթարկվում է արևմուտքի ճնշմանը։ «Նրանք շատ ավելի շատ բիզնես են անում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և մեր կոալիցիայի մնացած անդամների հետ, քան Ռուսաստանի հետ: Նրանք չեն ցանկանում կորցնել հասանելիությունը դոլարին, եվրոյին, ֆունտին կամ իենին»,- եզրափակել է նա: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Եվս 400 ֆիզիկական և իրավաբանական անձ Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներից հայտնվել են սև ցուցակում՝ ցանկացած գործարքի արգելքով, բոլոր ակտիվների արգելափակմամբ և վիզային սահմանափակումներով: Խոսքը մարդկանց և կազմակերպությունների մասին է, որոնք «աջակցում են Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակմանը», նրանց, ովքեր օգնում են շրջանցել պատժամիջոցները, այդ թվում՝ ռազմական արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ընկերությունների մասին, որոնք տնտեսությանը հումքի վաճառքից եկամուտ են մատակարարում, ընդգծում է վարչությունը։ Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել ռուսական գունավոր մետալուրգիայի խոշորագույն ընկերության՝ Նորիլսկի նիկելի առանցքային ձեռնարկությունները։ Ինչպես հետևում է ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) տվյալներից՝ Նորիլսկի նիկելի հիմնական՝ Զապոլյարնի մասնաճյուղը, որն արտադրում է ռուսական նիկելի և կոբալտի 85%-ը, պղնձի մոտ 70%-ը և պլատինի խմբի մետաղների ավելի քան 95%-ը , ներառված է սև ցուցակում։ Բացի այդ, Norilsk Nickel’s Bystrinsky Mining and Processing Plant ձեռնարկությունը, որը տեղակայված է Չիտայի շրջանում և արտադրում է պղինձ և երկաթ` հետագայում Չինաստանին վաճառելու համար, այժմ պատժամիջոցների տակ է: |