ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Նոր վարչապետի հետ համեմատաբար արդյունավետ կլինի հայ համայնքի աշխատանքը»․ Հակոբ Բադալյան
18:06, 05.09.2024 | mamul.am
1775 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշանակել է երկրի նոր վարչապետ՝ երկամսյա դադարից հետո, որ գոյացել էր Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում: Խորհրդարանի արտահերթ ընտրությունը տեղի ունեցավ հունիսին, որի առաջին փուլում հաղթեցին ծայրահեղ աջերը՝ Մարի Լե Պենի առաջնորդությամբ: Երկրորդ փուլում սակայն իրավիճակը շրջվեց և Մարին Լե Պենը դարձավ երրորդը՝ իր ուժով, իսկ հաղթեցին սոցիալիստները, ձախերը:

Սակայն, նրանք չկազմեցին կառավարություն, քանի որ չունեին դրա համար բավարար մանդատ, իսկ կոալիցիա չձևավորվեց: Ֆրանսիայի վարչապետ Աթալը, որ նշանակվել էր ամիսներ առաջ, արտահերթ ընտրությունից հետո տվեց հրաժարական, սակայն Մակրոնը խնդրեց նրան պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակում:

Եվ ահա, գրեթե երկամսյա ժամանակահատվածից հետո Մակրոնը նշանակում է նոր վարչապետ, որը Ֆրանսիայի այսպես ասած հին գվարդիայի քաղաքական գործիչներից է՝ Միշել Բարնյե: Բարնյեն տարբեր տարիների Ֆրանսիայում զբազեցրել է նախարարական պաշտոններ, ընդհուպ՝ արտաքին գործերի նախարարի:

Ամենից ուշագրավն այն է, որ Բարնյեն աջ-պահպանողական թևի գործիչ է, անդամակցում է այսպես ասած գոլիստական թևում ձևավորված «Միավորում հաջակցություն հանրապետության» կուսակցությանը, որի առաջնորդներից է եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

Հատկանշական է, որ Մակրոնը վարչապետ է նշանակում աջ-պահպանողական գործչի՝ նրան կոչ անելով կազմել ազգային միասնության միտված կառավարություն:

Սա ուշագրավ է նրանով, որ, չնայած արտահերթ ընտրության երկրորդ փուլում պարտությանը, այդուհանդերձ ըստ տարբեր գնահատականների, Ֆրանսիայում Մարի Լե Պենի առաջնորդությամբ աջերն ունեն շատ մեծ հանրային աջակցություն և միայն Ֆրանսիայի ընտրական համակարգի առանձնահատկություններն են թույլ տվել, որ երկրորդ փուլում համակարգը այսպես ասած «թույլ չտա» Լե Պենի հաղթանակ:

Բայց, Մակրոնն անշուշտ լավ է տիրապետում հանրային տրամադրություններին և աջ-պահպանողական վարչապետի առաջադրումով, այն դեպքում, երբ խորհրդարանի ընտրությանը հաղթել են ձախերը, նա իհարկե փորձում է այսպես ասած համահունչ լինել հանրային գերիշխող տրամադրություններին:

Սակայն, ընդհանուր առմամբ, այս պատկերը իհարկե վկայում է Ֆրանսիայում ներհասարակական և ներքաղաքական բավականին բարդ իրողությունների մասին, որոնք, իհարկե, լոկ վարչապետի նշանակումով հաղթահարելի չեն: Ըստ իս, վարչապետ Բարնյեի հետ համեմատաբար արդյունավետ կարող է լինել հայ համայնքի աշխատանքը, հաշվի առնելով այն, որ նա ֆրանսիական այսպես ասած հին սերնդի գործիչ է և պատկանում է ժամանակների ու մտածողության, որի հետ աշխատանքով է նաև հայ համայնքը Ֆրանսիայում ամրացել ինստիտուցիոնալ առումով: Այլ հարց է, թե պաշտոնական Երևանը որքան արդյունավետ է գործակցում Ֆրանսիայի հայ համայնքի կառույցների հետ, հատկապես բավականին խորը արմատներ ունեցող կառույցների»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր