«Ռուսաց լեզուն» ՀՀ դպրոցներում այլևս պարտադիր չէ՞. ի՞նչ է փոխել ԿԳՄՍՆ ուսումնական պլանում։ Այս հարցերին է անդրադարձել «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ մասնավորապես գրելով․ «ՀՀ-ում «Ռուսաց լեզուն» օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն դպրոցներում դրա ուսուցումը միշտ պարտադիր է եղել։ Այս տարվանից ուսումնական օրինակելի պլանում փոփոխություններ են եղել, որոշ փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ տանում է նրան, որ «Ռուսաց լեզվի» դասաժամերը կրճատվեն։ Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։
Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։
Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա: Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։
Ռուսերենի մի շարք մասնագետներ մտահոգություն են հայտնել շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։
Շրջանցելով որոշ հարցեր՝ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023թ․ հուլիսի 27–ի N 98–Ն հրամանով հաստատված օրինակելի ուսումնական պլանի հավելված 2–ի 13–րդ կետի՝ ուսհաստատության 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:
«Հաշվի առնելով վերոգրյալը՝ դպրոցն ինքն է մշակում իր ուսումնական պլանը՝ չափորոշչին համապատասխան»,–հայտնեցին նախարարությունից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում