Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է Ֆրանսիայում իր ձերբակալությունը։ dw.com-ի հաղորդմամբ Պավել Դուրովը «սխալ մոտեցում» է անվանել Ֆրանսիայի իշխանությունների առաջադրած մեղադրանքները՝ ասելով, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։ Ըստ նրա, ոչ մի նորարար չի ստեղծի նոր տեխնոլոգիաներ, եթե իմանա, որ ինքը կարող է անձամբ պատասխանատու լինել ապագա օգտատերերի կողմից հնարավոր չարաշահումների համար։ Պավել Դուրովը հատկապես ընդգծել է, որ Telegram-ը հեռանում է այն երկրներից, որտեղ հնարավոր չէ պայմանավորվել գաղտնիության և անվտանգության շուրջ։ «Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների թելեգրամյան ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը։ Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, քանի որ դա անում ենք ոչ հանուն փողի»,- ասել է Պավել Դուրովը։ |