ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ալիևի այցը Իտալիա կապ ունի Պուտինի Բաքու կատարած այցի հետ»․ Հակոբ Բադալյան
13:30, 06.09.2024 | mamul.am
1783 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իլհամ Ալիևի Իտալիա այցն ըստ իս էական առնչություն ունի Պուտինի Բաքու այցի հետ: Իտալիայում բացի քաղաքական ղեկավարների հետ հանդիպումից, Ալիևը մասնակցում է նաև միջազգային ամենամյա ֆորումի, որը կրում է՝ «Գլոբալ մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» խորագիրը:

Ուշադրության է արժանի ֆորումին մասնակից երկրների ղեկավարների ցանկը՝ Իտալիայի վարչապետ Մելոնի, Հունգարիայի վարչապետ Օրբան, Ուկրաինայի նախագահ Զելենսկի, պատվավոր հրավիրված՝ Ալիև: Սրանք երկրներ են, որոնք այսպես ասած գազային կապակցվածության մեջ են: Իտալիայի միջոցով է Եվրոպա մտնում ադրբեջանական գազի մեծ մասը: Հունգարիան ռուսական գազի սպառող է, որը հասնում է Ուկրաինայի տարածքով:

Այսօր քննարկվում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխարեն ադրբեջանական գազ անցկացնելու հարցը: Ռուսական գազի տարանցման պայմանագիրը լրանում է 2024-ի դեկտեմբերի 31-ին: Կիևը հայտարարում է, որ չի երկարաձգի, բայց Եվրոպան պատրաստ չէ հրաժարվել իր գազային սպառման մոտ 7 տոկոսը կազմող այդ չափաքանակից, այն էլ ձմռան կեսին: Ուկրաինան համաձայն է այլ երկրի գազ տեղափոխելուն, բայց դրան էլ պետք է համաձայնի Ռուսաստանը, որովհետեւ այլ երկրի գազը Ուկրաինայի տարածք հասնելու եւ խողովակով Եվրոպա գնալու համար պետք է անցնի Ռուսաստանի տարածքով:

Քննարկվում է ադրբեջանական գազի հարցը: Ավելին, չի բացառվում, և շատ հավանական է, որ ադրբեջանական գազը կլինի փաթեթը, որ Ուկրաինան ցույց տա, թե իբր հրաժարվել է ռուսականից: Իսկ իրականում ադրբեջանականի անվան տակ կգնա ռուսականը: Առավել ևս, որ Բաքուն գուցե նույնիսկ չունի էլ այսօր այդքան գազ ուղարկելու հնարավորություն:

Բնականաբար այդ ամենը հուզում է նաև Իտալիայի, որպեսզի որևէ բան տեղի չունենա այսպես ասած մատակարարումների հարավային գծի հետ, քանի որ դա Իտալիայի համար թե փող է, թե քաղաքական կշիռ Եվրոպայում:

Պուտինին Բաքվում ընդունելուց երկու շաբաթ անց Ալիևը մեկնում է Իտալիա, որտեղ են նաև Հունգարիայի ու Ուկրաինայի նախագահները: Անկասկած է, որ այնտեղ շարունակվելու են գազային քննարկումները»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր