Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Իրանի և Մոսկվայի «միջև» ընթացող ուղղակի, թե անուղղակի «բանավեճը» հետաքրքիր է: Այստեղ, իհարկե, կարող ենք ցուցաբերել մոտեցման երկու տարբերակ: Մեկը՝ Մոսկվան ուզում է «միջանցք», իսկ Իրանը հայտարարում է, որ դա «կարմիր գիծ» է: Եվ, որքան հետևում եմ, մեզանում գնահատականների կամ մեկնաբանությունների գերակշռող մասը հենց դա է: Ինքս խիստ կասկածով եմ մոտենում դրան, այն էլ մի դեպքում, երբ Մոսկվան ակնկալում է Թեհրանի հետ ստորագրել մեծ պայմանագիր: Եվ իր համար այդ կարևոր ակնկալիքի պարագայում պարզապես անմտություն է «միջանցքի» հարցը դարձնել տարակարծության առիիթ և վտանգել մեծ պայմանագրի ստորագրման հեռանկարը: Մյուս տարբերակն ըստ իս այն է, որ Մոսկվայի ու Իրանի միջև ընթանում է «խաղ», որը պայմանավորված է առկա բավականին բարդ, նուրբ, բազմաշերտ իրողություններով, որտեղ չկա առանձին «միջանցքի» հարց, առանձին Հյուսիս-հարավի հարց, առանձին Մերձավոր Արևելքի հարց, այլ բոլոր հարցերը շաղկապված են, բարդ, մեկը մեկին լրացնող կամ հակասող: Եվ այստեղ, այդօրինակ վիճակներում, հաճախ պահանջվում է այդօրինակ «խաղ»: Հաճախ խաղն ասոցացվում է թատրոնի, բեմադրության հետ: Ընկերներ, քաղաքականությունը խաղ է, երբեմն իհարկե թատրոնի էլեմենտրենով, բայց առավել բարձրակարգ է այն քաղաքական խաղը, որ իրականացվում է լռելյայն փոխհաշվարկներով: Ըստ իս, այս դեպքում մենք գործ ունենք Ռուսաստանի և Իրանի միջև լռելյայն «փոխհաշվարկի» հետ, որն իհարկե նաև շատ երկարատև դիվանագիտական և քաղաքական շփումների ու աշխատանքի արդյունք է: Մասնավորապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կա հետևյալ բարդ սխեման: Մոսկվան ու Թեհրանը Ադրբեջանից ակնկալում են կայուն համաձայնություններ Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և աշխարհտնտեսական սխեման գործարկելու համար: Այդ հարցում Բաքվի հետ առաջնային աշխատանքի դերն իր վրա է վերցրել Մոսկվան: Ադրբեջանը բնականաբար փորձում է իրենից ակնկալվողի համար ստանալ հնարավորինս բարձր գին, ընդ որում այն տրամաբանությամբ, որ այդ գինն էլ իր հերթին առավել բարձր վերավաճառի Թուրքիայի ու եվրաատլանտյան, նաև Չինաստանի ուղղությամբ: Ահա այդ գնի ձևավորման առումով Բաքուն Մոսկվայի առաջ տարբեր կերպ դնում է «միջանցքի խնդիրը: Մոսկվան չի կարող մերժել, քանի որ Բաքուն էլ կարող է մերժել իր հերթին՝ այն ակնկալիքների հարցում, որ կան: Կամ պահանջել արդեն անհամարժեք բարձր գին: Եվ այստեղ Մոսկվան պատասխանատվությունը «գլորում» է Երևանի վրա, ընդ որում Բաքվին ուղղված ակնարկով՝ ինչպես արդեն ասել եմ, որ «դուք եք Հայաստանի հետ գնացել ու նոյեմբերի 9-ը «ջրել» Բրյուսելում ու Վաշինգտոնում»: Բայց, սա իհարկե փաստարկ է, սակայն ոչ բոլոր հարցերը փակող փաստարկ, որովհետև Մոսկվայի ու Բաքվի միջև հարցերն այդուհանդերձ լայն են: Եվ այստեղ Իրանի դերն է, որը իր դիրքորոշմամբ է «միջանցքի» հարցում փակում բոլոր հարցերը, այդ կերպ Մոսկվայի համար «բացելով» Բաքվի հետ հարաբերության տարածություն, այն ընդհանուր գլոբալ օրակարգի համատեքստում, որի շուրջ շահերը մերձեցրել են Թեհրանն ու Մոսկվան: Իհարկե կարող է լինել փաստարկը, որ Ալիևն այդ դեպքում կարող է հանգիստ պահանջել, որ Մոսկվան լուծի նաև Իրանի դիմադրության հարցը: Սակայն, այստեղ հարկ է նկատել, որ քաղաքականությունը քմահաճության, կամակորության դաշտ չէ: Այդպես կարող է թվալ գուցե երևանյան «բեսետկաներից» կամ «բեսետկաներից» գրեթե ոչնչով չտարբերվող մեդիափորձագիտական դաշտում եղած մի զգալի մասի պատկերացումներից, բայց իրականում քաղաքականությունը, այն էլ միջազգային, այդուհանդերձ տրամաբանվող փաստարկների դաշտ է: Իսկ Ռուսաստանից պահանջել կոտրել Իրանի դիմադրությունը, որևէ կերպ տրամաբանական չէ, և Ալիևը՝ ի տարբերություն հայ մեդիափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների մի մասի, լավ հասկանում է դա: Չհասկանալու դեպքում նրա ու Ադրբեջանի ճակատագիրը կդասավորվեր այլ կերպ: Եվ այստեղ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի էական հանգամանքի, որը մոռացվում է: Պուտինի Բաքու այցի օրը Թեհրանից հնչում է հայտարարություն, որ հասկանում են հայ-ամերիկյան հարաբերության կարևորությունը, բայց Երևանին հայտնում են ռեգիոնում ամերիկյան ներկայության անընդունելիության մասին: Պետք է ուշադրության արժանացնել այդպիսի դետալներին, ու չմտածել նաև, թե Թեհրանի համար «Զանգեզուրյան միջանցքի» մասին Մոսկվայից հայտարարությունները «հանկարծ» հնչած անակնկալներ էին: Մոսկվան ու Թեհրանը ըստ էության հակասական այդ խաղով թեման համատեղ ակտիվացրել են ի պատասխան այն ակտիվության, որ դրանից շաբաթներ առաջ ցուցաբերեց ԱՄՆ, որը, ինչպես նշել եմ, ճանապարհների հարցում «մասնավոր ընկերության» տարբերակով լուծումների հեղինակն է: Եվ այդ տարբերակը գործնականում կողմերին ներկայացվել է շատ վաղուց՝ դեռևս 2022 թվականի հուլիսից, իսկ 2024 թվականի հուլիսին մտել բավականին ինտենսիվ առաջմղման փուլ»: |