ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը»․ Դավիթ Կարապետյան
03:06, 07.09.2024 | mamul.am
2072 | 1

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթն ուղարկեց Սահմանադրական դատարան։
Մինչ այդ իշխանական ողջ քարոզչամեքենան Կանոնակարգի հաստատումը ներկայացրեց որպես դիվանագիտական ձեռքբերում, անգամ՝ հաղթանակ:
Եվ այստեղ է, որ կարիք կա բացել որոշ չակերտներ, որպեսզի հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ, ախր մենք այլ բան էինք հասկացել…
Այո՛, Կանոնակարգի առաջին հոդվածով ֆիքսվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
Բայց հոդվածում կա այսպիսի նկատառում ևս.
«Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ու միջպետական հարաբերությունների կարգավորման մասով կողմերն այլ բան կորոշեն, կգործեն այդ պայմանավորվածության սկզբունքները»:
Ստացվում է, որ ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ:
Կանոնակարգով հաստատվում է նաև այն, որ գործընթացը հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, խիստ հավանական է այլ սկզբունքներով ընթանա։
Իսկ երբ Հայաստանի կառավարության հրապարակած փաստաթղթում ընթերցում ենք՝ «Եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին» արտահայտությունը, հասկանալի է դառնում, որ Կանոնակարգը դառնում է, մեղմ ասած, վիճելի թղթի կտոր:
Այս հանգամանքն Ալիևի համար մանևրելու հոյակապ առիթ է, որովհետև ըստ այդմ՝ Բաքուն ապահովում է իրեն ալիբի, ըստ որի տարբեր սահմանահատվածներում շանտաժի ու հարկադրանքի քաղաքականությամբ կամ պարզապես հղում տալով վերոնշյալին առաջ է քաշելու իրեն ձեռնտու իրավական հիմքեր:
Արդյունքում կստացվի, որ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու ու սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ ըստ Ալիևի հայեցողության ու քմահաճույքի:
Այսկերպ՝ Ալմա-Աթային հղումը տալը կդառնա ձևական մի բան:
Ստացվելու է, որ սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են այդ հռչակագրի հիման վրա, բայց գործնականում սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանը կարող է վկայակոչել այդ նորմն ու սեփական պատկերացումներով ու ցանկություններով առաջ մղել գործընթացը։
Այս համատեքստում տեղին է հիշել Ալիևի մի քանի անգամ հնչեցրած հայտարարություններն առ այն, որ սահմանազատման գործընթացը սկսվել, շարունակվել և ավարտվելու է բացառապես Բաքվի թելադրած օրակարգով և ներկայացրած քարտեզներով:
Էլ չեմ խոսում վերջինիս, որպես անկեղծ թշնամի, բացահայտ ծավալապաշտական նկրտումների, «արևմտյան Ադրբեջան» նարատիվի, խոստումներն ու ստանձնած պարտավորությունը չկատարելու մասին՝ փաստելով, որ Ադրբեջանը վստահելի ու պայմանագրաունակ պետություն չէ և որի ուժի ու սպառնալիքի լեզվով հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ ցցուն վկայությունն է այն բանի, որ չի պատրաստվում կնքել խաղաղության պայմանագիր:
Ադրբեջանը, եթե ազնիվ ու պատրաստակամ լիներ, ապա Հայաստանի սուվերեն տարածքներից դուրս կբերեր իր զինուժը, կհամաձայներ հայելային հետքաշմանը,
կապառազմականացներ Հայաստանի հետ ունեցած սահմանները, ազատ կարձակեր գերիներին:
Իհարկե, այս ամենը մենք չենք տեսնելու:
Սակայն խնդիրներն այսքանով չեն ավարտվում:
Կանոնակարգի երկրորդ հոդվածի, համաձայն ընդգծվել է, որ սահմանազատման աշխատանքների ընթացքում կողմերը կարող են օգտագործել այդ հարցին վերաբերող բոլոր քարտեզները կամ քարտեզագրման նյութերը:
Սա նշանակում է, որ ցանկացած պահին, երբ պետք է Ալիևը կարող է 26, երբ պետք է 69, 75 թթ. քարտեզներն առաջ մղել:
Այսինքն՝ ինչպես չկա մեկ ընդհանուր ու վերջնական փաստաթուղթ, այնպես էլ չկա կոնկրետ մեկ քարտեզ, ըստ որի կողմերը կիրականացնեն այս ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ:
Եվ սա ինչ-որ տեղ հիմնավորվում է նրանով, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային որևէ նկարագիր:
Ինչպես ասում են՝ տակը քարտեզ չկա:
Այս մասով միակ դրականն այն է, որ անխտիր բոլոր քարտեզները մեզ ձեռնտու են, մանավանդ որ ըստ այդ քարտեզների մեր մասով տալիքն արդեն տրված է ու տալու բան այլևս չկա, իսկ Ադրբեջանն ահռելի տարածքներ պետք է վերադարձնի:
Կանոնակարգի հինգերորդ հոդվածի երրորդ կետը ևս տարակուսանք առաջացնող է.
ըստ այդմ՝ փաստաթուղթը երեք լեզվով է՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:
Ընդգծվում է, որ եթե կանոնակարգի վերաբերյալ տարընթերցումներ լինեն, ապա կողմերն առաջնորդվելու են ռուսական տարբերակով, ինչը նշանակում է ռուսերեն լեզուն պետք է դիտարկել ոչ թե հաղորդակցության միջոց, այլ հստակ ուղերձ, առ այն, որ սահմանազատման աշխատանքների «կուռացիան» Ռուսաստանի մենաշնորհն է:
Հիմա տեսնենք, թե արդյո՞ք այս կանոնակարգով Ադրբեջանը դեօկուպացնելու է ՀՀ 250 կմ և ավելի տարածքը, արդյո՞ք դուրս է գալու նույն Տավուշի Բերքաբերի 900 հեկտար հողերից:
Տեսնենք, արդյո՞ք Կանոնակարգը երաշխավորելու է ՀՀ տարածքային վերականգնումն ու հետայսու սահմանների անձեռնմխելիությունն ու անսասանությունը:
Այ, երբ այդ ամենը հողի վրա տեսնենք, նոր կֆիքսենք ու կհաստատենք, որ կանոնակարգը լավն է, աշխատող է և իրեն արդարացնող:
Իհարկե, խիստ թերահավատ եմ:
Ես նման լավատեսության հիմքեր չեմ տեսնում՝ առնվազն վերոնշյալ պատճառներով:
Որքան էլ որ մի շարք փորձագետներ (իհարկե շատերը իշխանամերձ) փորձեն փաստաթուղթը համարել դիվանագիտական հաջողություն, փաստ է, որ Կանոնակարգը չի կարող երաշխավորել ո՛չ ՀՀ-ից օկուպացված տարածքների դեօկուպացիան և ո՛չ էլ սահմանի ողջ երկանքով մեկ քարտեզի սկզբունքով դելիմիտացիան:
Ինչևէ, հետևենք ընթացքին:
Ի դեպ, դեռ հարց է, թե արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանը կանոնակարգը հակասահմանադրական չի ճանաչի և թե արդյո՞ք Ադրբեջանի պառլամենտը կվավերացնի այն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր