Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա ընդամենը մի հատված է դեռևս երեք տարի առաջ Ռուբեն Վարդանյանի հասցեին ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներից։ Իսկ սպառնալիք հնչեցնող աղբյուրն էլ Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող կայք է։ Արցախ մտնելու օրվանից ի վեր Վարդանյանը թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Որպես այդ երկրի մամուլին ամենօրյա մակարդակով հետևող մարդ, կարող եմ ասել՝ Վարդանյանի չափ երբեք, ոչ ոքի այսքան վտանգավոր ու կազմակերպված քարոզչությամբ չեն թիրախավորել։ Ադրբեջանական կողմը «չհանգստացավ» անգամ Վարդանյանին ապօրինաբար Բաքվում կալանավորելուց հետո։ Նրանք կապում են տարբեր ուժերի, ընդհուպ մինչև՝ ադրբեջանական ընդդիմության հետ։ Այս ամենն, իհարկե, նորություն չէ, դրա մասին ես պարբերաբար գրել ու խոսել եմ՝ նշելով նաև, որ Վարդանյանի շուրջ այս թոհուբոհը կապված է նրա հեղինակության, հնարավորությունների և բոլորի պայմանավորվածությունները խափանելու ցանկության հետ, որը նրան անել, չհաջողվեց։ Բայց այս պատմության մեջ մի նոր բաղադրիչ է ավելացել։ Այն փուլում, երբ Բաքվում խոսում են ապօրինաբար պահվող հայերի հնարավոր դատավարության մասին, ՀՀ ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսում է թիրախավորել Վարդանյանին։ Նրա մասին Փաշինյանը հնչեցնում է անհիմն, դատարկ, իր ոճին հատուկ վտանգավոր ու հակապետական հարցադրումներ։ Դա անում մի իրավիճակում, երբ Վարդանյանը Բաքվի բանտում է, ուստի ոչ արձագանքելու, ոչ պատասխանելու հնարավորություն չունի։ Դրանից հետո ողջ իշխանական քարոզչամեքենան է գործի դրվում՝ ընդդեմ Վարդանյանի՝ Փաշինյանի անհեթեթ թեզերը «ռասկրուտկա» անելու համար։ Այստեղ հարցը միայն Վարդանյանը չէ։ Նա ուղղակի թիրախ է ու օրինակ։ Հարցն այն է, որ ՀՀ պետության ղեկավարությունը իր ողջ ռեսուրսը դրել է մի մարդու դեմ, ում դեմ համառորեն պայքարում է Ալիևը։ Ես գալիս եմ այն ծանր համոզման, որ դա Բաքվի հերթական պահանջն է՝ օգնել առաջիկա ապօրինի դատավարությունների ժամանակ մեջբերումներ անել ՀՀ ղեկավարի խոսքերից։ Դրա նախադեպը եղավ այն, երբ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ադրբեջանական կողմի ներկայացուցիչը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Հիշեցնեմ, որ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ էր հրավիրվել այդ թեմայով, Փաշինյանի դրանից ժամեր առաջ ասել էր․ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։ Հենց սա էլ դարձավ Ադրբեջանի ներկայացուցչի խոսքի առանցքային մասը։ Հիմա էլ Վարդանյանի դեմ սկսված արշավը այդ նույն ժանրից է․․․օգնել Բաքվին հասնել իր հերթական հանցավոր քայլի իրագործմանը, իսկ թիրախում՝ էթնիկ հայերն են ու հայկական պետությունը»։ |