«Կօգտվեմ իմ իրավունքից, կդիմեմ կառավարությանը, որովհետև կառավարությունը նախ հաստատում է բուհի կառավարման խորհրդի քվեարկության արդյունքները։ Եթե կառավարությունը հաստատի այդ արդյունքները, դատական կարգով կվիճարկվի»,- ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Հիշեցնենք՝ ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Մյուս թեկնածուներն էին՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ |