Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի՞ է «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։ «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասել է ԱԳՆ խոսնակը: 3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ |
Բաժանորդագրվել լրահոսին