ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այս ձևակերպումը թերևս նշանակում է, որ ամերիկացի հետախույզ գեներալն առաջարկ է բերել Բաքու»․ Հակոբ Բադալյան
00:06, 07.09.2024 | mamul.am
3655 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքու է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավար, գեներալ Պատրիկ Պրայորը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ էության, խոսքը ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի մասին է:

Դեսպանատունը հայտնել է, որ նա ժամանել է անվտանգության ոլորտում երկկողմ գործակցության ամրապնդման հարցում Բաքվի հետ խորհրդակցությունների համար:

Այս ձևակերպումը թերևս նշանակում է, որ ամերիկացի հետախույզ գեներալը առաջարկ է բերել Բաքու: Ի՞նչ առաջարկ, մեզ հայտնի չէ: Կարող ենք ենթադրել, որ առաջարկ, որը միտված պետք է լինի Բաքվին ԱՄՆ ռազմավարության համար օգտակար ծիրում պահելուն:

Այստեղ ուզում եմ հատուկ ուշադրության արժանացնել մի հանգամանք: Բաքու մեկնողը ԱՄՆ բանակի հետախուզության եվրոպական վարչության ղեկավարն է: Իհարկե, նրա քննարկումների օրակարգը կլինի լայն: Կարծում եմ, որ այդ թվում կարող է լինել խոսակցություն կապված Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի ստորագրման հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ կանոնակարգի հաստատումից հետո Եվրոմիության առաքելությունը պետք է այլևս չանի սահմանի դիտարկում, չկա դրա իմաստը:

Առ այսօր չկա արձագանք Եվրոմիությունից: Առ այսօր Եվրոմիությունը որևէ կերպ չի անդրադարձել Հաջիևի հայտարարությանը: Մինչդեռ, երբ օրինակ ռուսները ասում են, որ այդ առաքելության նպատակը հետախուզությունն է, հասկանալի է, որ իրենք ասում են իրենց շահերից ելնելով, բայց ասում են այն, ինչ կա: ԵՄ դիտորդական առաքելության նպատակը հետախուզությունն է: Հակառակ պարագայում, 2024 թվականին Հայաստանի հետ ձեռք բերած ու արդեն հաստատված համաձայնագրով, չէր գաղտնիացվի առաքելության ամբողջ գրագրությունն ու նաև գրասենյակները, դրանց չէր տրվի անձեռնմխելի կարգավիճակ, և ավելին՝ ԵՄ-ին չէր տրվի առաքելությունը ոչ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներով համալրելու իրավունք:

Կարծում եմ, ամերիկյան բանակի հետախուզության եվրոպական-եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավարի Բաքու կատարած այցի օրակարգում լինելու են նաեւ այս թեմային առնչվող հարցեր:

Հասկանալի է, որ այդ իմաստով չկա ԵՄ, կամ ԱՄՆ, որի այսպես ասած աջակցության պարագայում միայն ԵՄ-ն կարող է այսօրինակ հարցերում որևէ կերպ լինել կենսունակ կամ լուծել խնդիրներ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր