ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
09:42, 07.09.2024 | mamul.am
5089 | 2

«Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանականները նախօրեին լսել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հայտնի է, որ վերջին շրջանում ամեն հինգշաբթի այս ֆորմատում ՔՊ-ականները լսում են որևէ գերատեսչության ղեկավարի հաշվետվությունը` կատարված աշխատանքների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ։
ՔՊ-ի տարածած երկու տողանոց հաղորդագրությամբ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։

ՔՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ժամանոց նիստի ընթացքում հնչած տեսակետները լավատեսական տրամադրություններ չեն ձևավորել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ճիշտ հակառակը՝ հնչել են բազում մտահոգություններ, խոսել են հնարավոր վտանգավոր զարգացումների մասին, որից կուսակցականները ծանր եզրահանգումներ են արել, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն առաջիկայում էլ ավելի սրվելու են։ Միակ լավատեսական տեղեկատվությունը, ըստ մեր աղբյուրի, եղել է այն, որ Արարատ Միրզոյանը, խոսելով սահմանազատման համատեքստում անկլավների թեմայի մասին, ասել է, որ Երևանի ու Բաքվի միջև հնարավոր է համաձայնություն կայացվի՝ անկլավների հարցը լուծել հետևյալ սկզբունքով. «մեր մոտինը՝ մեզ, իրենցը՝ իրենց»: Այսինքն՝ Տիգրանաշենը կմնա Հայաստանին, Արծվաշենն էլ կմնա Ադրբեջանին:

Արտգործնախարարի ներկայացմամբ՝ խիստ մտահոգիչ է մեզ համար Ռուսաստանի՝ վերջին ժամանակների աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման և հատկապես ճանապարհների ապաշրջափակման հարցում էական դերակատարում ստանձնելու առումով։ Խոսքը ճանապարհների վերահսկողության մասին է․ Միրզոյանն ասել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ ՌԴ ցանկություններն իրականություն չդառնան, սակայն միևնույն ժամանակ խոսել է Հայաստան-Արևմուտք այլևս անքակտելի դարձած հարաբերությունների մասին։ Արտգործնախարարն ակնարկել է, որ այլևս չկա Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, թե ինչու` պատճառների մասին չի խոսվել, ավելին` մտահոգություններ է հայտնել ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքների հետ կապված․ եթե Պուտինի ընկեր Թրամփը գա իշխանության, Հայաստանը կհայտնվի ոչ այնքան նախանձելի վիճակում։

Հարց է հնչել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովին` COP-29-ին, Հայաստանի մասնակցության մասին՝ լինելո՞ւ է արդյոք մասնակցություն և ո՞ր պաշտոնյայի մակարդակով։ Սակայն Արարատ Միրզոյանն ասել է, որ դեռ որոշում չեն կայացրել, ընդգծել է, որ այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը չպետք է ինքնանպատակ լինի, ավելին` եթե մասնակցելու են, ապա դրա դիմաց պետք է ստանան մի բան՝ եթե ոչ փաստաթղթի ստորագրում, ապա գերիների վերադարձի տեսքով։
ՔՊ-ականները հետաքրքրվել են նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված կետեր կան: Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ 17 կետից 13-ը համաձայնեցված է, Միրզոյանն այս հարցը ևս լղոզել է, որից այդպես էլ չի հասկացվել՝ որ կետերի շուրջ կա համաձայնություն, որոնց հետ կապված՝ ոչ։

Սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին ևս հպանցիկ անդրադարձ է կատարվել, ասվել է, որ դեռ չեն որոշել, թե սահմանազատվող հաջորդ տարածքը որն է լինելու, Միրզոյանի խոսքով՝ պաշտոնական Երևանի համար առանձնապես տարբերություն չկա, թե որ հատվածներից կսկսեն»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր