ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+23 °C
ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել
10:06, 07.09.2024 | mamul.am
1482 | 2

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հռչակագրում շեշտվում է. «Մենք՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարներս, հավաքվել ենք Լիտվայի Վիլնյուս քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ լուծելու արդարադատության և հաշվետվողականության խնդիրները, որոնք առնչվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային»:

Հռչակագրով նախարարները նախ ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը՝ դա համարելով միջազգային իրավունքի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջընթաց:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը՝ նպատակ ունենալով պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի տարածքում միջազգային հանցագործությունների մեղավորներին։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին աջակցել դատարանին՝ համագործակցելու իր ընթացիկ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է հռչակագրում:

Մյուս կետով նրանք վերահաստատել են Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտությունը, որն ի վիճակի կլինի արդարություն իրականացնել՝ պատասխանատվության ենթարկելով ամենամեծ պատասխանատուին:

Հրապարակվել է նաև անդամ և դիտորդ երկրների ցանկը, որոնք աջակցել են հռչակագրին: Նրանց թվում են, օրինակ, Բելգիան, Բուլղարիան, Կանադան, Իտալիան, Ճապոնիան, Մոլդովան, Իսպանիան, Շվեյցարիան, Սան Մարինոն և այլ երկրներ: Հայաստանն այդ ցանկում չկա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր