Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի քանի օր է հայկական տեղեկատվական տիրույթում ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքի, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի որոշակի հատվածում պետական սահմանի պահպանությունը կոնցեսիոն պայմանագրով մասնավոր ընկերության հանձնելու հարցը: Հայաստանի Հանրապետության Պետական սահմանի մասին օրենքով և, մասնավորապես, 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 5-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը: Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը: |