Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ի՞նչ է պայմանագիրը․ պայմանագիրը գրավոր համաձայնություն է՝ կողմերի փոխադարձ պարտավորություններով։ Ի՞նչ է պարտավորագիրը․ դա էլ գրավոր համաձայնություն է` պարտավորություն, հանձնառություն ստանձնելու մասին։ Արդի հայերեն բառարանում մի բառ կա, որը շատ վատ է հնչում, բայց բոլորդ գիտեք․ դա ղազագիրն է։ Ի՞նչ է ղազագիրը․ գրություն է հնազանդության, հպատակության մասին։ Ղազագիրը շատ հայտնի է հատկապես խաղերում, օրինակ՝ Նարդի խաղում, երբ մշտապես պարտվողը, ումից պարտվել է, գրում-ստորագրում է ղազագիր, որ նրա ղազն է։
Շատ ենք լսում թե այն, ինչ պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, եթե, իհարկե, ստորագրեն, ընդհանրապես խաղաղության հետ կապ չունի։ Նիկոլենք էլ են ասում, որ դա խաղաղություն չի երաշխավորում։ Բայց եկեք հասկանանք՝ դա պայմանագի՞ր է, ընդհանրապես, պարտավորագի՞ր է, գուցե ղազագի՞ր է, թե ինչ է։
Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածություների մասին է, կողմերի պարտավորություններով։ Ի՞նչ է պարտավորվում Ադրբեջանը։ Մենք ունենք մեր աչքի առաջ Տավուշի օրինակը․ ո՞րն էր Հայաստանի պարտավորությունը, հանձնել գյուղեր։ Ո՞րն էր Ադրբեջանի պարտավորությունը․ ըստ երևույթին՝ միայն հետևյալն էր՝ վերցնել էն գյուղերը, որ Հայաստանը հանձնում է։ Նիկոլը հանձնեց, բայց չստացավ էն 9 գյուղի տարածքները, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանն ասում է պետք է անկլավներ տաս, բայց ես ոչինչ չունեմ տալու, ոչ մի միլիմետր էլ դուրս չեմ գալու էն տարածքներից, որ օկուպացրել եմ, առայժմ՝ 200 քառակուսի կիլոմետր։ Այսինքն փոխադարձ պարտավորություն չկա, կա Հայաստանի պարտավորություն։ Իսկ դա, արդեն, պայմանագիր չէ։
Իսկ կարող ա՞ էդ թղթի ճիշտ անունը ղազագիրն է։ Օգոստոսի 31-ի ասուլիսում նաև ասում է՝ պատրաստ է պայմանագրի վերնագիրը և նախաբանը։ Նույն կերպ, ղազագիրը բաղկացած է լինում երկու մասից՝ վերնագիր ու կարճ պրիամբուլա այն մասին, որ այսինչ այսինչյանը այսինչ այսինչի ղազն է, այսինչ այսինչը այսինչ այսինչյանի ղազատերն է։ Ու եթե Նիկոլն այդ ղազագիրն ուղարկի ԱԺ վավերացման, դեմ քվեարկող ՔՊ-ական կլինի՞։
Կարծում եմ՝ պետք է առաջանա պահանջ՝ հրապարակել այդ փաստաթղթի կետերը։ Վաղը, եթե ստորագրվի, գուցե պարզվի՝ խաղաղություն սիրուն անվան տակ կապիտուլյացիոն կետեր են։ Մի՛ խաբվեք «խաղաղություն» բառին։ Օրինակ՝ Անգլիացի գրող Օլդոս Հաքսլին շատ սիրուն վերնագրով վեպ ունի՝ «Հիասքանչ նոր աշխարհը»։ Ինչքա՜ն լավ վերնագիր է, չէ՞։ Թվում է, թե աշխարհի հրաշալիքների, փայլուն նորարարությունների, երկրի վրա դրախտի մասին է․ վերնագիրն այդպես է հուշում․ բայց կարդում ես ու աշխարհի մասին է, որտեղ ամեն մեկը վերահսկողության տակ է, մարդիկ ապրում են ի ծնե ճնշված, ծնվում են անոթներում, դասակարգվում են ի ծնե ու ամբողջ կյանքում։
Ժողովուրդ ջան, կրկնում եմ, մի՛ խաբվեք խաղաղություն բառին, մանավանդ լինելով «Ապագա կա» կարգախոսի զոհը»։