Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի շրջանի վառելիքի պահեստում։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Ուկրաինայի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարք, հարձակվել են Վոլոկոնովսկի շրջանում գտնվող վառելիքի պահեստի վրա։ Պայթյունի հետևանքով պահեստը բռնկվել է։ Հրշեջները մարում են կրակը»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինային սահմանակից շրջանների նահանգապետերը բացահայտ խոստովանում են, որ օբյեկտ է խոցվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից։ Մինչ այս նահանգապետները հայտարարում էին ենթադրյալ «կործանված անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման մասին»։ |