ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանին պետք է վերաբերվել սեփական շահի տեսանկյունից»․ Նաիրի Հոխիկյան
10:36, 09.09.2024 | mamul.am
1034 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ես խոսում եմ մեր տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի շահերի բախման, ռուս-թուրքական մերձեցող հարաբերությունների մասին, շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ես էլ եմ Նիկոլի նման Ռուսաստանը անվանում մեզ թշնամի։ Հետո էլ հարցեր են տալիս, թե ինչու ես փոխել դիրքորոշումդ՝ ամիսներ առաջ դու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների անհրաժեշտությունից էիր խոսում։
Իրականում ինձ մոտ դիրքորոշման փոփոխություն չի եղել։ Ես էլի կարծում եմ, որ չպետք է թշնամանալ Ռուսաստանի հետ, քանի որ այդ գերտերության համար մեր տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի, և հանուն դրա Ռուսաստանը կարող է նույնիսկ տանկերով մտնել այստեղ, ինչպես արեց Ուկրաինայի հետ։
Բացի դրանից, Հայաստան մտնող փողի մեծագույն մասը գալիս է Ռուսաստանից այնտեղ աշխատող հարյուր հազարավոր արտագնա աշխատողների միջոցով։ Պատկերացրեք, որ Ռուսաստանը փակի դռները մեր խոպանչիների առաջ, ինչպիսի՞ սոցիալական աղետ կառաջանա Հայաստանում։
Միաժամանակ Ռուսաստանը իմ հայրենիքը չէ, հետևաբար Ռուսաստանին, ինչպես ցանկացած այլ երկրի, պետք է վերաբերվել սեփական շահի տեսանկյունից։
Եթե ես Ռուսաստանի սխալների նկատմամբ հանդուրժող էի Արցախի գոյության ժամանակ, զուտ Արցախցիների անվտանգության ապահովման առումով, ապա Արցախի հանձնումից հետո չկա այդ գործոնը, ավելին, Ռուսաստանը լռությամբ դիտեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։
Հետևաբար քննադատել, մեղադրել, մղել Հայաստանի հետ համագործակցության պետք է, նույնիսկ անհրաժեշտ է, բայց թշնամանալ չի կարելի։ Ավելին, պետք է հնարավոր ամեն կերպ փչացնել Ռուսաստանի և Ադրբեջանի ժամանակավոր լավ հարաբերությունները, որովհետև դա բխում է Հայաստանի շահերից։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, պետք է հասկանանք, որ կա արտաքին հարաբերությունների 2 տեսակ՝ արմատական և հարաբերական։
Թուրքիան, Ադրբեջանը մեզ համար արմատական թշնամիներ են։ Նրանք չեն կարող հանդուրժել Հայաստանի գոյությունը և իրենց վարքագծով ամեն կերպ գնում են Հայաստանի ոչնչացման։
Ռուսաստանը, ԱՄՆ -ն, Ֆրանսիան և մյուս խոշոր տերությունները հարաբերական բարեկամներ են։ Այսինքն նրանք բարեկամ են, երբ կա շահ, իսկ երբ չեն տեսնում այդ շահը, կարող են հանգիստ աչք փակել ու զոհաբերել քեզ։
Պետությունների հարաբերությունները մարդկայինի նման չեն, որ հավատարիմ ու դավաճան տերմինները վերագրես։ Դրանք բոլորովին այլ են, որտեղ չկան զգացմունքներ։
Նույնիսկ 1990-ականներին Թուրքիան մենակ թողեց Ադրբեջանին, անգամ թույլ տվեց պարտվել, քանի որ դա էր թելադրում այդ պահի շահը (սա այլ թեմա է, որի մասին առանձին կխոսենք)»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր