Ուելսի արքայադուստր Քեթրինը (Քեյթ Միդլթոն) սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի բուժումը, որն իր մոտ ախտորոշվել էր տարեսկզբին։ «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչքան թեթևացած եմ, որ վերջապես ավարտեցի քիմիաթերապիան»,- ասվում է Ուելսի արքայազնի և արքայադստեր հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրենց X սոցիալական ցանցում: Արքայադուստր Քեթրինը հավելել է, որ ինքը շարունակում է շարժվել դեպի «վերականգնում և լիարժեք ապաքինում», ինչը, ըստ նրա, երկար ժամանակ կպահանջի: Չնայած դրան՝ Քեթրինը նախատեսում է առաջիկա ամիսներին վերադառնալ աշխատանքին և հրապարակային ելույթներին։ «Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել նախկինում, ես մտնում եմ վերականգնման նոր փուլ՝ կյանքի հանդեպ հույսի և երախտագիտության նոր զգացումով»,- ասել է Քեյթ Միդլթոնը: Ուելսի արքայադուստրն ու արքայազնը շնորհակալություն են հայտնել բոլորին աջակցության համար։ Քեթրինը հավելել է, որ ինքը մնում է «կողք կողքի» նրանց հետ, ովքեր շարունակում են պայքարել քաղցկեղի դեմ։ |
Բաժանորդագրվել լրահոսին