ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դատավորն այլանդակում է օրենքի բովանդակությունն ու էությունը». Դավիթ Թումասյան
23:30, 09.09.2024 | mamul.am
1346 | 0

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՅԼԱՆԴԱԿՈՒՄ Է ՕՐԵՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ
04.04.2024թ.-ին ԱՐԴ/0155/01/24 քրեական գործով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը ոչ միայն հակասում է գործող օրենսդրությանը, այլ նաև պետության քաղաքականությանն ընտանեկան (նախկին տերմինաբանությամբ՝ ընտանիքում) բռնության դեմ պայքարի հարցում: Դատարանը մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատել է տուժողի և հանցանք կատարած անձի ՀԱՇՏՈՒԹՅԱՆ հիմքով, ինչն օրենքով ուղղակի ԱՐԳԵԼՎԱԾ է:
Այսպես, Արմավիր ԲԿ-ից անչափահասի հղիության մասին տեղեկություն է ստացվել, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսինքն, 29 տարեկան անձն ամուսնացել էր 15 տարեկան անձի հետ, ունեցել նրա հետ սեռական հարաբերություն, ինչը համարվում է երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, իսկ հաշվի առնելով, որ նրանք փաստացի ամուսիններ էին, ապա այդ արարքը համարվում է նաև ընտանեկան բռնություն: Սակայն դատավորն այդ արարքում ընտանեկան բռնություն չի տեսնում, որպեսզի կիրառի հաշտություն….
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ հատկանիշներ:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի (կիրառվել է արարքը կատարելու պահին օրենքի վերնագրի գործող տարբերակը, այսուհետ նաև՝ Օրենք) համաձայն՝ ընտանիքում բռնության տեսակներից է սեռական բռնությունը, իսկ սեռական բռնություն է համարվում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ առանց բացառության: Այսինքն, ՀՀ քրեական օրենսգրքի 198-202-րդ հոդվածներով նախատեսված որևէ արարք կատարելն ընտանիքի անդամի կողմից ընտանեկան բռնություն է: Այս հանգամանքից որևէ բացառություն չկա:
Դատավորն արհեստական հակասություն է գտել օրենքում ու իր ենթադրությունը որպես փաստ է ներկայացրել առ այն, որ ընտանեկան բռնությունը պետք է լինի միայն ֆիզիկական ներգործություն գործադրելով, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի ձևակերպումներին համապատասխան հանցավոր արարք:
Եվ դատավորը փոխանակ առաջնորդվի «Նորմատիվ-իրավական ակտերի մասին» օրենքով, որը պահանջում է տառացի մեկնաբանություն, առաջնորդվել է Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան» աշխատությամբ։
Դատավորի ոչ իրավական մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի՝ միայն սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են համարվելու սեռական բռնություն, իսկ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները՝ ոչ, քանի որ դրանց ընթացքում ֆիզիկական բռնություն չի կիրառվում, իսկ 16 տարին չլրացած երեխան համաձայնվում է սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնությի այլ գործողություն կատարելուն: Ավելին, դատավորը խեղաթյուրելով նաև ՄԻԵԿ-ը, ՄԻԵԴ-ի որոշումները, այլ միջազգային ակտեր՝ հանգում է ոչ տրամաբանական եզրահանգման ու կիրառում է նորմեր, որոնք չպետք է կիրառեր և հակառակը՝ չի կիրառում այն նորմերը, որոնք պարտավոր էր կիրառեր: Արդյունքում ստացվում է, որ մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ սեռական բռնությունը բռնություն չէ, քանի որ ֆիզիկական ներգործություն տեղի չի ունեցել, իսկ այն, որ մինչև 16 տարեկանի համաձայնությունն իրավական նշանակություն չունի, անտեսվել է:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը «հանում է» սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների շարքից՝ որպեսզի այն չհամարվի ընտանեկան բռնություն, որպեսզի չկիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի արգելքը՝ տուժողի հետ հաշտությունը չկիչառելն ընտանիքում բռնության դեպքում:
Այն, որ դատավորն անտեսել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Սեռական բռնությունից և սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան, ՄԻԵԿ-ը, ՀՀ քրեական օրենսգիրքը և այլ իրավական ակտեր, ակնհայտ է, սակայն տարօրինակն այն է, որ դա ներկայացվել է իբրև երեխայի շահերից բխող արարք՝ նրա ու նրա օրինական ներկայացուցչի կարծիքը հաշվի առնելով:
Հ.Գ. Վերը շարադրվածի իրավական գնահատականը թողնում եմ իրավապահ մարմիններին և Վճռաբեկ դատարանին, բարոյականը՝ ազգաբնակչությանը, նամանավանդ՝ 15 տարեկան երեխա ունեցող անձանց, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը՝ մասնագիտացված կառույցներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր