«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվա ավագանու նիստում ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ՔՊ-ի երևանյան «ջոջերը» առաջարկելու են մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին։
Բացի այն, որ Գրիգոր Երիցյանը ավագանու այն քիչ անդամներից է, որ պարբերաբար առաջ է մղում եվրոպական օրակարգը, այլ նա նաև ակտիվ մասնակցում է ավագանու նիստերին։ Իսկ այն, որ նա քաղաքական բոյկոտի հիմնավորմամբ չի մասնակցում հանձնաժողովի նիստերին չի կարող հիմք հանդիսանալ նրան մանդատից զրկելու համար, անգամ եթե դա թույլ է տալիս օրենքը։ Օրենքները երբեմն լինում են սխալ գրված և հակաիրավական։ Կարծում եմ սա հենց այդ դեպքն է։
Այն, որ ՔՊ-ն քաղաքական հետապնդում է իրականացնում իր համար «անհարմար» ընդդիմախոս հանդիսացող անձի դեմ, ցույց է տալիս այն, որ այդ ուժը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, երբ ի տարբերություն Գրիգոր Երիցյանի երբևէ չի բարձրացրել մանդատից զրկելու հարց ոչ միայն հանձնաժողովների նիստերից, այլ նաև ավագանու նիստերից տոտալ բացակայություններ ունեցող մի շարք իշխանական թե իրենց հարմար ընդդիմադիր ավագանու անդամներին։
Ցավոք նոր եմ իմանում, որ այսօր այդ հարցը արդեն քննվելու է ավագանու նիստում, բայց կարող եմ վստահորեն պնդել, որ քաղհասարակությունը, որի ակտիվ դերակատարներից է եղել և է Գրիգոր Երիցյանը, կոշտ քննադատության է ենթարկելու ՔՊ-ին նման հակաժողովրդավարական պահվածքի համար։
Ոնց հասկանում եմ, ՔՊ-ն այսպես է որոշել պատրաստվել 2026թ․-ի ընտրություններին։
Կոչ եմ անում «Հանրապետություն» կուսակցության ավագանու խմբակցությանը, որի օգտին քարոզել եմ և որին իմ ձայնը տվել եմ 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններին, անկախ «Ազգային առաջընթաց» խմբակցության հետ քաղաքական տարաձայնություններից և ՔՊ-ի հետ Երևանի ավագանում կոալիցիայի մեջ լինելու հանգամանքից՝ հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին ու դեմ քվեարկել այս խայտառակ նախաձեռնությանը»։