Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Միակ բանը, որ հանրային կյանքում փոխել է այսպես ասած ժամանակակից դպրոցը՝ դա գրենական պիտույքների, մասնավորապես գրքերի ու տետրերի տպագրության բիզնեսի վերելքն է:
Ճիշտ հասկացեք, առանց հեգնանքի, ես բացարձակապես դեմ չեմ տնտեսական որևէ էֆեկտի:
Բայց, մեղմ ասած խնդրահարույց է այն, որ միայն դա է ժամանակակից «կրթական էֆեկտը»:
Եղած դասագրքերը բավարար չէին, դրանց ավելացել են ֆիզկուլտի, կերպարվեստի, տեխնոլոգիայի դասագրքեր, հետն էլ բոլոր առարկաներին ավելացել են բազմասերիանոց թեմատիկ տետրեր: Ընդ որում դրանց ավելացման տեմպն այնպիսին է, որ շուտով ըստ երևույթին կլինեն արդեն «թեմատիկ տետրների թեմատիկ տետրեր»:
Հետո ըստ երևույթին թեմատիկ տետրերը կսկսեն բաժանվել առանձին մասերի ըստ դասաժամի՝ դասաժամի առաջին 15 րոպեի թեմատիկ տետր, հետո դասաժամի երկրորդ տասնհինգ րոպեի թեմատիկ տետրեր:
Ի դեպ, զարմանալի է, որ կրթական ոլորտի ոչ մի չինովնիկի մտքով չի անցել մինչև այժմ «Դասամիջոց» դասագիրք ստեղծելու գաղափարը»: