Մեկնարկում է Երևանի ավագանու նոր նստաշրջանը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 37 հարց: Օրեր առաջ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։
Սեպտեմբերի 10-ին ՔՊ-ն պատրաստվում է դադարեցնել ոչ միայն իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի, այլև որպես Երևանի ավագանու ընդդիմադիր (մեծությամբ երկրորդ) խմբակցության ղեկավարի լիազորությունները՝ խաթարելով մեր խմբակցության բնականոն աշխատանքը և հերթական անգամ թքելով մեզ ձայն տված տասնյակ հազարավոր երևանցիների վրա:
Թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ավինյանն ու իր թիմը չեն ներկայացնում երևանցիներին, և եթե 1 տարի առաջ ստացել են երևանցիների աջակցության 9%-ը, ապա այսօր նրանց վարկանիշը շրիշակից ցածր է։
ՀՀ իշխանությունների հռչակած արևմտյան ձգտումների ֆոնին՝ Երևանի քաղաքագլխի և իր թիմի կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները կասկածի տակ են դնում ժողովրդավարության մասին այս խմբի իրական պատկերացումներն ու ընկալումները։
Հույս ունեմ, որ տեղական իշխանությունների որդեգրած հակաժողովրդավարական գործելաոճը և հատկապես այս խայտառակ դրվագը կհայտնվեն իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում և կստանան միջազգային կազմակերպությունների համարժեք արձագանքը»:
Հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վարդան Ղուկասյանը՝ հայտնելով, որ իշխող թևը որոշել է մանդատից զրկել ոչ միայն Երիցյանին, այլև երկու անկախ անդամի. «Սեպտեմբերի 10-ին բոլորիդ հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան բողոքի ակցիայի՝ հաջակցություն այն ավագանիների, որոնց այս թմրամոլ, կաշառակեր, կոռումպացված, քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարդկային ՎԻԺՎԱԾՔԸ և «ընդդիմություն» խաղացող Վազգենի քույրը փորձում են զրկել ավագանու մանդատից։ Եկեք տեր կանգնեք Ձեր տված քվեներին և եկեք գոնե այս անգամ ցույց տանք համախմբվածություն՝ ընդդեմ այս բ**ի տղերքի»: