ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գնել Սանոսյանի մոր համար կառուցվող առանձնատան օրինականության հարցով գործընթացը կանգ է առել. «Ժողովուրդ»
09:06, 11.09.2024 | mamul.am
1095 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հակակառուպցիոն կոմիտեում կանգ է առել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու օրինականության ստուգման գործընթացը։ Գրեթե 4 ամիս նախաքննական մարմինը ստուգում է, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:
Գրել էինք, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապարակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:
Տեղեկությունը հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչև նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել:

Հույս ունեինք, որ այս գործը մինչև վերջ կքննվեր, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման ծածկադմփոցի կարժանանար, սակայն այդ հույսերը չարդարացան։

Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, թե ինչ պարզեցին այս 4 ամիսների ստուգման արդյունքում, կա քրեական վարույթ, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին, որ քրեական վարույթ չկա։ Այսինքն, նորմալ է, որ նախարարի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց տուն է կառուցում. ընդ որում դա երևացող մասն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր