ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
12:42, 11.09.2024 | mamul.am
893 | 0

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։
Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորել է միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն է արտահայտել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։
Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր