Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ «բազար է արել» փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ․
Սահմանազատման անվան տակ, ապօրինի կեպով Կիրանց գյուղից Ադրբեջանին հանձնված տների, հողերի, այլ գույքի դիմաց դրամական փոխհատուցումը կատարվել է կառավարության գաղտնի որոշումով։ Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են որոշվել սեփականության իրավունքով, կադաստրից տրված վկայականներով հողերի, գույքի համար փոխհատուցման գումարների չափերը։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ վագոն-տնակում բիզնես գործունեություն ծավալած անձին իբև փոխհատուցում 20 միլիոն դրամ են տվել, այդ անձը վագոն-տնակը տեղափոխել է գյուղի այլ տարածք, նույն բիզնեսով է զբաղվում։ Կիրանցում տների, տարածքների համար 40-50 միլիոն դրամ են տվել։ Կիրանցի մի բնակիչ ասաց, որ իր հողատարածքի համար սկզբում մոտ 2 միլիոն դրամ են առաջարկել, ինքը հրաժարվել է։ Հետո Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այդ բնակչին Տավուշի մարզպետարան է կանչել։ Վերջինս ինձ պատմեց․ «Մարզպետը կանչել ա, գին ա հարցրել, ես ասել եմ, որ վաճառքի տնամերձ հողամաս չունեմ, իսկ եթե պարտադրված պետք է ծախեմ, ապա՝ 20 միլիոն դրամ։ Մարզպետն ասել ա՝ 5 միլիոն, չեմ համաձայնվել, ասել ա՝ 10, ես չեմ համաձայնվել, ասել ա՝ 16, ասել եմ՝ չէ։ Մի քանի օրից կանչել ա, ասել՝ ես կապ չունեմ, վարչապետը որոշել ա ՝ 10, ես էլ չեմ վերցրել։ Դիմել եմ վարչապետին, պատասխանել են, որ իրենք կապ չունեն, «ձեր մարզպետարանի իրավասության սահմաններում է տվյալ գործընթացը»»։ Կիրանցի բնակիչը այդ հարցով նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմել, սպասում է ՄԻՊ-ի պատասխանին»։