«Մենք այստեղ ենք եկել և մեզ հետ բերել ենք համապատասխան պահանջագիր, որով պահանջելու ենք ՀՀ կառավարությունից մեր դիվանագիտական միջազգային օրակարգում դնել հետևյալ հարցը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանությունը»,-ակցիայի ժամանակ ասաց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։ «Այս հարցի մեջ մտնում է Ադրբեջանից, ըստ էության, բռնի տեղահանված 1մլն-ից ավելի հայերի իրավունքների, շահերի պաշտպանությունը՝ և՛ վերադարձի իրավունք, և՛ մշակութային հուշարձանների պահպանության իրավունք, և՛ մեր գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ այս ուղղությամբ և, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, «Միասին» շարժումը այս հարցը բարձրացնում է։ 30 տարվանից ավելի մենք լռել ենք, բայց հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին և ողբերգական՝ Արցախի հայաթափմամբ։ Ուստի այդ հարցը մենք հիմա բարձրացնում ենք։ Հենց այսպիսի հարցերն էլ պատճառ են դառնալու իշխանափոխության, որովհետև այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»,-նշել է Դիլբարյանը։ |