Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Վերջին օրերին ուշադիր հետևում եմ, թե ինչպես է հայկական դաշտում սկսվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» աստիճանական գովազդը՝ դրանից բխող վտանգները կոծկելու, միջանցքի սպառնալից էությունը լղոզելու և դրա՝ մեզ համար իբր շահեկանությունը «հիմնավորելու» ակտիվ աշխատանքը։ Այդ գործում ներկա փուլում ներգրավված են գերազանցապես տարբեր քարոզիչներ, որոնք ներկայանում են «փորձագետ» ոչինչ չասող անվան տակ։ Իսկական աղետ դարձած «փորձագետ-ամենագետները» համատարած երևույթ են, սակայն դրանք ծաղկում են հատկապես այն երկրներում, որտեղ թույլ են համապատասխան ինստիտուտները։ Հենց այդ տարատեսակ փորձագետներն են «հովանավորում» վերջին տարիների տապալված քաղաքականությունը՝ ողջ օրը եթերում արդարացնելով ընդունվող աղետալի որոշումները։ Հայկական իրականությունում հաճախ հայտնվում են նաև «միջազգային փորձագետներ», որոնք կոչված են օգնության հասնելու տեղական «խոսող գլուխներին»։ Դրանք ոչ միայն իրական մասնագետ չեն, այլ ավելին՝ նպատակաուղղված թաքցնում են ճշմարտությունը։ Այս թեմայով օրերս մի հեղինակավոր գիտական պարբերականում հրապարակվել է հետազոտող Արսեն Սապարովի հոդվածը (կարդալ այստեղ)։ Սապարովի նկարագրածը այսօր տեղի է ունենում արդեն «միջանցքի» և Հայաստանի վրա ճնշման այլ ձևերի համատեքստում»։ |