Բիզնես բլոգեր, մարքեթոլոգ Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բիզնեսն ու ալպինիզմն իրար շատ նման են։ Երկուսն էլ վեր բարձրանալու, նախապես մարզվելու, պատրաստվելու, մեծ նպատակներ ունենալու, ֆիզիկապես ու մտավոր ուժեղ լինելու մասին են։ Հետո գալիս է առաջ շարժվելը, ֆինանսներ գտնելը, թիմ ունենալը, հերթով բարձրանալը՝ սկզբում փոքր գագաթներ, տեղական ծանոթ լեռներ, մոլորվել, փորձ ձեռք բերել, հետո կամաց-կամաց դուրս ես գալիս շուկայից, գնում այլ տեղեր ու ավելի վտանգավոր։ Տեղ կա, որ պիտի կանգնես, շունչ քաշես, ակլիմատիզացիա անցնես, նորից փորձես, ծանոթներ գտնես, հարցուփորձ անես, հմուտ մասնագետների հետ բարձրանաս։ Տեղ կա, որ կարող ես սայթաքել, ընկնել ու նորից բարձրանալ, տեղ էլ կա, որ ընկար, վերջ, միգուցե և քեզ չկարողանան էլ օգնեն՝ հեքիաթն ավարտվում է։ Չգիտես, թե ինչու ես ուզում բարձրանաս, բայց ուզում ես ու դա քեզ տանում է դեպի վեր։ |