Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեղծվում է համաթյուրքական նոր այբուբեն։
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, վերջին հարյուր տարվա ընթացքում չորրորդ անգամ է փոխելու ադրբեջանական այբուբենը: Սակայն դա տեղի կունենա բոլորովին այլ առիթով. սեպտեմբերի 11-ին թյուրքախոս երկրները, Թուրքիայի գլխավորությամբ, համաձայնության են եկել միացյալ ու համահունչ այբուբեն ստեղծելու համար: Սա բացառիկ երևույթ է, քանի որ այն պետք է դիտարկենք որպես հնարավոր ռազմաքաղաքական նոր դաշինքի մի հիմնաքար, որի շենքը մշտապես ծրագրվել է կառուցել Ռուսաստանի փլատակների վրա:
Ու մինչ Կրեմլը իր տարատեսակ խոսնակների շուրթերով զբաղված է Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ իրագործված ցեղասպանական գործողություններն ու էթնիկ զտումները սրբագրելով ու հակահայ գործողություններով յուր կայսերապաշտական ինքնությունը վերահաստատելու փորձերով, վտանգավոր ևս մի զանգ արդեն հնչեց Մոսկվայի համար:
Մնում է ենթադրել, թե արդյո՞ք Զախարովայի «Զանգեզուրյան միջանցքը» Անկարայի նեոպանթուրքական օրակարգեր սպասարկելու համար է, թե՞ միացյալ Արևմուտքի՝ այդ նույն համաթուրքական օրակարգն ընդդեմ Ռուսաստանի օգտագործելու փորձերը բացառելուն է միտված:
Երկու դեպքում էլ լրջագույն վտանգները մեզ համար ակնհայտ են: Եթե Մոսկվան պատրաստ է սպասարկելու Թուրքիայի նեոպանթուրքական թարմացված փորձերը, ապա դա վստահաբար դուր չի գա Իրանին ու Չինաստանին»: