ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մահացել է Սամվել Խալաթյանը
16:24, 14.09.2024 | mamul.am
3713 | 0

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը։ Նա 74 տարեկան էր։

Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածու։ Հեղինակած թատերագրությունները, երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործություններ տեղ են գտնում գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։

Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյանի արտիստական», «Գոյի», «Փոսի», Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Հրազդանի, Գորիսի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում և այլ թատերախմբերում, 30 պիես ունեցել են 79 բեմադրություն։

«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թվականի լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։

Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն (1983թ.), Վանաձորի «Հորովել» համույթի «Թումանյանական աշխարհ» պարային ներկայացման հեղինակային տեքստը (2019թ.), կարճամետրաժ մի քանի ֆիլմերի սցենարներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր