Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ի երեք քաղաքացու՝ այս տարվա մայիսին հեղաշրջման փորձ կատարելու համար, հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ մայիսին զինված խմբավորումները կարճ ժամանակով գրավել էին նախագահական գրասենյակը մայրաքաղաք Կինշասայում։ Խմբավորման առաջնորդ, Կոնգոյի քաղաքական գործիչ Քրիստիան Մալանգան, ով ապրում էր ԱՄՆ-ում, սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ Նրա որդին՝ Մարսել Մալանգան, որդու ընկերը՝ Թայլեր Թոմսոնը և բիզնես գործընկեր Բենջամին Զալման-Պոլունը մահապատժի են դատապարտվել։ Նրանք բոլորն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։ Մալանգան, Թոմսոնը և Զալման-Պոլունը մեղավոր են ճանաչվել դավադրության, ահաբեկչության և այլ հանցագործությունների համար։ Դատավճիռն ընթերցվել է հեռուստատեսության ուղիղ եթերում։ Մարսել Մալանգան պնդում էր, որ հայրն սպառնացել է սպանել իրեն, եթե ինքը չմասնակցի հեղաշրջմանը։ Նրա խոսքով՝ սա իր առաջին այցն էր երկիր՝ հոր հրավերով, ում երկար տարիներ չէր տեսել։ Ընդհանուր առմամբ, դատարանի առջև է կանգնել մոտ 50 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բելգիայի, Կոնգոյի քաղաքացիներ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ուշադիր հետևում է գործընթացին և հիշեցրել է դատավճիռը բողոքարկելու հնարավորության մասին: |