Բուլղարիայի Գրաֆ Իգնատիևո ավիաբազայի մոտ ավիաշոուի նախապատրաստման ժամանակ նախօրեին կործանվել է L-39ZA Albatros ինքնաթիռը, հայտնում է Բուլղարիայի ռազմական պորտալը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երկու օդաչուներն էլ՝ մայոր Պետկո Դիմիտրովը և ավագ լեյտենանտ Վենցիսլավ Դանկինը, մահացել են: Բուլղարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դիմիտար Պետրովը շեշտել է, որ դա սովորական թռիչք է եղել, որին «բացառիկ փորձառությամբ օդաչուները», խնամքով նախապատրաստվել են մի քանի ամիս, իսկ ինքնաթիռը վերջերս վերանորոգվել է։ Վթարի պատճառով Բուլղարիայի ռազմական նախարար Աթանաս Զապրյանովը չեղարկել է ավիաշոուն։ Նրա խոսքով՝ այժմ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 14-ին «Գրաֆ Իգնատիևո» ավիաբազայում պետք է տեղի ունենային լայնածավալ ավիացիոն ցույցեր՝ նվիրված Բուլղարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու 20-ամյակին և Բուլղարիայի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռի ծառայության 35-ամյակին։ |
Բաժանորդագրվել լրահոսին