Վերջին օրերին հայ-ամերիկյան հնագիտական արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ Աշխատանքները տվել են բացառիկ արդյունք։ Շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում։ Այս առումով ֆեյսբուքյան իր էջում հնագետ Պավել Ավետիսյանը նշում է. «Կառույցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն, թաղումը կա՛մ նույն ժամանակներին է վերաբերում, կա՛մ ավելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող հստակ կոնտեքստով ու թվագրությամբ երկու թաղում՝ մեկը Ակնաշենից, մեկը Մասիս բլուրից։ Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները։ Գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները»։ |