Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախուրյանի և Արաքսի միախառնման վայր՝ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Երվանդաշատ և Բագարան սահմանային գյուղեր ամեն այցիս մեծ ցավ եմ ապրում: Այս անգամ որոշեցի բարձրաձայնել:
Տարածքում են գտնվել հայոց երկու մայրաքաղաքները՝ Երվանդաշատը և Բագարանը, պատմական Երվանդակերտ դաստակերտը, Ծննդոց անտառը, Երվանդունյաց, Բագրատունյաց արքայական ապարանքները, միջնաբերդ-ամրոցները, եկեղեցիներն ու համաշխարհային նշանակության այլ հուշարձանները ներկայացնող հնավայրեր:
Թվում էր՝ պետք է այս խորհրդաշունչ վայրում՝ երևելի մի բարձունքում, վեր խոյանար Մեծ Հայքում Երվանդունիների արքայական հարստության վերջին թագավոր Երվանդ 4-րդի հոյակերտ հուշարձանը: Արքա, որ եղել է Երվանդաշատ և Բագարան մայրաքաղաքների, Երվանդակերտ դաստակերտի ու աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկի՝ Ծննդոց անտառի հիմնադիրը:
Այստեղ նույնպիսի բարձրադիր ու երևացող վայրերում պետք է լիներ Պատմահայր Խորենացու հուշակոթողը, Քերթողահայր, որի «Պատմություն Հայոց»-ից իմանում ենք այս խորհրդաշատ վայրում կատարված մեծ գործերի մասին:
Այստեղ պետք է լիներ հայ անվանի հնագետ, պատմաբան, Հին Հայաստանի արվեստի մեծ գիտակ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հուշարձանը, երախտավոր, ում ղեկավարությամբ 1985–1986 և 2005-2012 թթ. պեղումներ են անցկացվել Երվանդաշատ և Բագարան գյուղերի տարածքներում, ճշտել Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները մ. թ. ա. III դ. Երվանդ թագավորի կառուցած կենտրոնների տեղադրության վերաբերյալ և որոշել այդ հուշարձանների պահպանվածության աստիճանը։
Պետք է թանգարանային նշանակության անկյուններ լինեին, մեծադիր, վահանակներ, պաստառներ ու այլ ցուցադրական իրեր՝ այն մասին, որ այստեղ տարբեր ժամանակներում եղել են Հայկական լեռնաշխարհի հնագույն պետության՝ Հայաստանի երկու մայրաքաղաքները, արքայական միջնաբերդերը, հզոր աստվածությունների բագիններն ու քրիստոնեական շրջանի եկեղեցիները:
Զբոսաշրջիկներն ու դպրոցականներն այստեղ ամեն օր պետք է ծանոթանային հայոց պատմությանը, առերեսվեին արքայական անցյալի փառքին, գնեին Երվանդ 4-ի մեծագործի արձանիկներն ու նրա գործերը վկայող հուշանվերներ, զարդերի վերածված իրեր, վկայագրեր, և այլն:
Մարդիկ պետք է ծանոթանային Ծննդոց անտառի խորհրդին, լինեին ներկայացումներ, բացօթյա ցուցադրություններ: Կարճ ասած՝ մարդ այստեղ պետք է միանգամից տեղափոխվեր Երվանդունիների կամ Բագրատունիների արքայական փառավոր դարաշրջան:
Բայց...
Փոխարենը տեսնում ես Երվանդ 4-րդ արքայի մի խղճուկ ու անխնամ վկայատեղի, հիմնված 2010 թ. Արմավիրի նախկին մարզպետի կողմից, մի երկու քարե սալիկ՝ Խորենացու խոսքերով ու քարտեզանման փորագրությամբ, և վերջ: Լավ է, որ գոնե դա կա:
Ճանապարհով իջնում ես ներքև՝ այն հույսով, որ, բացի բռնազավթված հայրենիքդ խորհրդանշող փշալարերից ու հեռվում նշմարվող մինարեթներից, ինչ-որ հպարտանալու բան կհայտնաբերես, բայց ոչ, ճանապարհին կա մի խաչքար, որը «բրատսկի ընկերները» նվիրել են Սպարտակի (հավանաբար` գյուղի բնակիչ) հիշատակին, հետևում՝ ինչ-որ ջրահարսի անհասկանալի արձան, և վերջ, արդեն մնացածը՝ սովորական սահմանային գյուղեր, հոգսաշատ ու հուսալքված դեմքեր»: