ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
14:30, 15.09.2024 | mamul.am
843 | 0

Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնի առիթով․

«Քույրեր և եղբայրներ, այսօր սպասված օր է` Տիրոջ Սուրբ Խաչի Վերացման տոնը. իրադարձություն, որը՝ համաժողովրդական իր տարողությամբ, առանձնակի ջերմություն ու ներշնչանք է հարուցանում հոգևոր և ազգային մեր կյանքում:

Այս օրերին համընդհանուր հանգստություն ու սրբություն է, կարծեք, իջնում մարդկանց հոգիներին: Սուրբ Խաչի Վերացման այս տոնին մեր մտքերը ևս վերանում են դեպի երկինք, մեր հայացքները՝ մխրճվում պատմության խորքերը. Վերապրում ենք Սուրբ Խաչի նվիրագործման սուրբ հիշատակները:

Շուրջ 2000 տարիներ առաջ էր, երբ հեթանոսաց Առաքյալ Պողոսը Փոքր Ասիայի Գաղատիա քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղած իր նամակում անվիճարկելի համոզվածությամբ հայտարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6.14):

Աշխարհի մարդկանց համար խիստ տարօրինակ է Պողոս Առաքյալի պարծանքը։ Ինչպե՞ս կարելի է պարծենալ փայտե գործիքով: Հին աշխարհում հույները պարծենում էին իրենց արվեստով ու գիտությամբ, հռոմեացիներն իրենց խիզախությամբ ու հզորությամբ, մինչդեռ քրիստոնյաների համար պարծանք դարձավ ընդամենը Խաչը. Մի գործիք, որ ծառայում էր ընդամենը մահվան դատավճիռներ իրագործելու համար:

Այո, անհաղորդ մարդկանց տարօրինակ է թվում Քրիստոնյաների Խաչի պարծանքը։

Արդարև՛, տարօրինակ կթվա, եթե Տիրոջ խաչելության և մահվան պատկերները հասկացվեն որպես պատմական լեգենդի դրամատիկ դրվագաշարեր, մինչդեռ Խաչը այն ամենն է, ինչ բնութագրում է Քրիստոնեությանը: Խաչն ամբողջացնում է Աստծու Որդու անմեկնելի զոհաբերությունը հանուն մարդկության: Սուրբ Խաչն Աստվածորդու տառապանքն է, Նրա չարչարանքները, Նրա կրած կամավոր զրկանքներն ու նվաստացումները, Նրա մահը և, վերջապես, Նրա Հարությունը:

Այսպես է, որ Քրիստոնյայի կյանքը Խաչի ճամփորդություն է, Քրիստոնյայի կյանքը անհոգնաբեկ նմանություն է Քրիստոսի կերպարին: Չկա Խաչ չկա Քրիստոնեություն, չկա Խաչի ճանապարհ՝ չկա քրիստոնեական կյանք:
Քույրեր և եղբայրներ, մենք ամենքս թերանում ենք առ Խաչն մեր ճամփորդության մեջ, մեզ ծանր է թվում մեզ վիճակված բեռը, մենք կքու մենք Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերն արտահայտելու հանձնառության ներքո: Տկարանում ենք ու ընկրկում, քանի որ փշոտ է Խաչի ճամփան։ Այն ընդգրկում է մեր կյանքի ողջ տարողությունը, այն փոխզիջումներ չի՛ ճանաչում․ Քրիստոսի Խաչով պիտի շաղախված լինեն մեր մտքերը, հունցված՝ մեր խոսքերը, և դրոշմված՝ մեր գործերը:

Դժվար չէ՞ արդյոք Խաչը դարձնել առանցք մեր մտքի, մեր խոսքերի ու գործերի: Արդարև՛, դժվա՛ր է, չափազա՛նց դժվար: Աղոթախոս Նարեկացին անգամ իր ողջ սրբության և աստվածպաշտության մեջ խոստովանում է․

«Չեմ դադարելու դարձյալ դատելուց դատապարտյալիս,
Եվ քարկոծելու անձս հանցապարտ դառը խոսքերով,
Իբրև չարագործ անհամոզելի, փրկությունից զուրկ»,
Ս. Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության», (Բան Է)

Սրբության առջև մեղապարտի զինաթափվածության նույն հառաչանքով է Աստծուն դիմում նաև Ներսես Շնորհալի Սուրբ Հայրապետը՝ խոստովանելով սեփական մեղքերը․
«Քննող գաղտնեաց, մեղանչեցի Քո առջև կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի ծնունդիցս մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով», (Ս. Ներսես Շնորհալի, «Հաւատով խոստովանիմ», (Ը 8)):

Լինել Խաչի ճամփորդ՝ չի նշանակում լինել հրեշտակ և կամ անմեղ։ Լինել Խաչակիր՝ չի նշանակում ունենալ մաքրամաքուր անցյալ ու անարատ համբավ: Լինել Խաչի ճամփորդ՝ նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ու հանցանքի հետ, նշանակում է ամեն օր ու ամեն ժամ ջանալ ձերբազատվել մեղքի, հանցանքի պատանդառությունից, նշանակում է ընկնելուց հետո միշտ ձգտել վեր կենալ, կքելուց հետո ուղղել կորացած մեջքը, մեղանչելուց հետո չմթագնել սուրբ դառնալու տեսիլքը։

Համակերպվել մեղքի ու սխալի հետ՝ նշանակում է կորցնել դեպի Խաչ տանող ճամփան։ Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը: Աստված մեզ չի՛ դատապարտելու միայն նրա համար, որ մենք մեղավոր ենք։ Մենք դատապարտված ենք լինելու միայն մեկ պատճառով՝ որ չե՛նք ձգտել հաղթահարելու մեղքը, չե՛նք ջանացել ընթանալու Խաչի ճանապարհով, մեղքից հրաժարմա՛ն ճանապարհով, մաքրագործմա՛ն ճանապարհով, և վերջապես չենք ջանացել ընդառաջ գնալու Աստուծո շնորհին, որո՛վ կարող էինք միայն սրբանալ ու փրկվել, ինչպես ասում է նույն Առաքյալը՝ աներկբա հավատով․«Փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է» (Եփես․ Բ 8)։

Քույրեր և եղբայրներ, մեր ժողովուրդը դարեր շարունակ Խաչի ճամփորդ է, նրա երկարատև ճամփորդությունը ուղեկցվել է ճակատագրական փորձություններով՝ այնպիսի մարտահրավերներով, երբ անհնարին է թվացել անգամ կյանքի շարունակությունը: Փառք Բարձրյալին՝ հակառակ բոլոր փորձություններին՝ մեր Խաչի ճամփան շարունակվում է նաև 21-րդդարում:

Մենք շարունակում ենք պայքարել մեղքի ու սպառնալիքների դեմ, դիմակայել գոյաբանական վտանգներին: Թվում է, սակայն, թե մոլորվել ենք մենք Խաչի ճամփորդության մեջ: Թվում է, թե այլևս Խաչը չէ, որով պարծենում ենք մեր կյանքի ճանապարհին:

Կենդանի Աստծու պաշտանմունքը փոխարինվում է մարդկանց հանդեպ երկրպագությամբ, հոգին խոնարհեցվում է մարմնի առջև, ինքնությունը զոհաբերվում է բարեկեցությանը, ազատությունը՝ դարձվում պատրվակ ամենաթողության, ևաթոռապաշտությունը անփույթ ու անարվեստ ձեռնածությամբ փաթեթավորվում հայրենասիրությամբ ու սկզբունքայնությամբ: Սա չէ Խաչի պարծանքը, սա չէ Խաչի ճանապարհը:

Սա ճանապարհն է ինքնաոչնչացման, սա ճանապարհն է ինքնաաստվածացման ու ճանապարհը՝ կռապաշտության: Անհնար է գտնել Աստծուն՝ առանց Խաչի ճամփան բռնելու։ Անհնար է ճանաչել Քրիստոսին՝ առանց խաչելությունը վերապրելու: Անհնար է հասնել երջանկության՝ առանց Աստծուն ձգտելու: Երջանկությունը դրախտի վերհուշն է աշխարհային կյանքում: Հնարավոր չէ հասնել երջանկության սեփական ինքնությունն ուրանալու ճանապարհով, հնարավոր չէ երջանկության հասնել ամենօրյա խարդավանքներով ու բռնություններով, այլոց նկատմամբ առավելություն հաստատելու մոլուցքով:

Քույրեր ևեղբայրներ, մենք կոչված ենք համերաշխության, կոչված ենք միաբանության, բայց այնպիսի համերաշխության ու միաբանության, որի ամրոցի աշտարակներին ծաղկում է Խաչը և երկրպագվում Խաչյալը: Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր, բարոյական ու գաղափարական ընդհանրության: Երբ Համերաշխությունն ու Միաբանությունը նոսրանում են և սերը ցամաքում, ծնվում է Հանդուրժողականությունը․ մի բան, որ անսեռ է ևանգույն, Հանդուրժողականությունը, որ եղբայրն է Անտարբերության, բայց անպատկառ համառությամբ ձգտում է բազմել Սիրո գահավորակին։

Խաչի ճամփորդը անհանդուրժող է մոլության հանդեպ, անհանդուրժող վնասարարության և հայրենաքանդումի հանդեպ։ Արդ, վերադառնանք Խաչի ճանապարհ, մարտնչենք մեղքի ու հանցանքի, ոչնչացման ու արհավիրքի դեմ։ Խաչը դարձնենք մեր պարծանքն ու պատվարը, հրաժարվենք մահաբեր դեղատոմսերից, ձերբազատվենք պարտադրվող կեղծ ընտրություններից։ Խաչի հանդեպ հանձնառությունն ու պատասխանատվությունն են քրիստոնյայի կյանքի առանցքը։ Այսպես պիտի ապրենք մեր կյանքը, և, ձայնակից մեր սրբազան հայրերին, Պողոս Առաքյալի նման ի լուր աշխարհի հայտարարենք․ «Քա՛վ լիցի, որ մենք պարծենանք այլ բանով, քան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ.

Ամէն»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ Խաչվերացի տոնին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր