Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնը աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին հորդառատ անձրևներով և ամպրոպով։ Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որոնց գագաթնակետն սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնում է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։ Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների` այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղներին: Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%»: |