Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: |