Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրամպի դեմ մահափորձի «սցենարը» կարծես գրված լինի Հոլիվուդում
Համենայն դեպս, շատ ուշագրավ է, որ նրա դեմ երկրորդ մահափորձի համար կասկածվում է մարդ, որը վերջին շրջանում աչքի է ընկել որպես Ուկրաինա ՌԴ ներխուժման ջատագով, աջակից:
Դեմոկրատները Տրամպին «թիրախավորում» են այն համատեքստով, որ նա «ենթակա» է լինելու Պուտինին: Օրինակ, վերջին դեբատի ժամանակ Կամալա Հարիսը հայտարարել էր, թե, եթե նախագահ լիներ Տրամպը, ապա Պուտինն արդեն նստած կլիներ Կիևում:
Ինչ խոսք, կասկածից վեր է, որ դա ընդամենը նախընտրական քարոզչական հնարք է, ոչ ավելի: Բայց, ի վերջո ընտրության ելքերը որոշվում են այդպիսի հնարքների արդյունավետությամբ:
Եվ ահա, դեբատային այդ դրվագից հետո, Տրամպի հանդեպ երկրորդ մահափորձ, որի համար կասկածվում, մեղադրվում է Ուկրաինա Պուտինի ներխուժման աջակիցը: Այլ կերպ ասած, Տրամպին թիրախավորում է Պուտինի աջակիցը, մինչդեռ Հարիսի պնդման տրամաբանությունը պետք է ենթադրեր հակառակը:
Ընդգծեմ, դիտարկում եմ հանգամանքների հարաբերակցությունը, այլ ոչ թե պնդում, թե խոսքը բեմադրված, իրապես սցենարով մահափորձի մասին է:
Բայց, բոլոր դեպքերում «սյուժեն» ստացվում է հետաքրքիր, գումարվելով Պուտինի այն հայտարարությանը, որ հնչել էր իհարկե դեռևս դեբատից առաջ, թե Ռուսաստանը շահեկան է համարում Հարիսի հաղթանակը: Ավելի վաղ էլ Պուտինը հայտարարել էր, որ Բայդենի հաղթանակն է իրենց համար շահեկան, երբ թեկնածուն դեռ Բայդենն էր:
Ինչ խոսք, մեծագույն հավանականությամբ Պուտինի այդ խոսքերը այլ բան չեն, քան որոշակի տրոլլինգ, սակայն բոլոր դեպքերում դրանց ընկալումները ամերիկյան հանրության շրջանում կարող են լինել տարբեր: Հատկապես, որ երկու թեկնածուներն էլ կարծես թե բավականին հաճույքով են օգտագործում Պուտինի գործոնը իրենց նախընտրական ռազմավարությունում:
Խոշոր առումով, իհարկե, ԱՄՆ-ում նախագահ «ընտրում» է այդ երկրի խորքային պետությունը, իսկ այն կարծես թե առայժմ չունի ընտրություն, համենայն դեպս ընտրություն Հարիսի ու Տրամպի միջև:
Առայժմ կարծես թե խնդիրը եղել է ընտրական պրոցեսում՝ ամերիկյան տնտեսա-քաղաքական, հասարակական-մշակութային մեխանիզմի ողնաշարային հանգամանքի՝ «մրցակցայնությունն» ապահովելը, քանի որ Բայդենի մնալու պարագայում Տրամպի հաղթանակը իհարկե բացարձակ երաշխավորված էր»։