Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, «Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։ Նա Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։ «Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր: Սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ինձ ոչ ոք չի բացատրել, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Վրաստան, որտեղ ես ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, մասնակցել տարբեր կազմակերպությունների համահիմնադրմանը, օգնել Հայաստան-Վրաստան կամուրջներ կառուցելու հարցում և այլն։ Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»: Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում»,- գրել է Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում։ |